Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Ամասիա խոշորացվող համայնքում ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներն ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել՝ հրաժարվելով հասանելիք վեց մանդատներից։ Պատճառը համայնքապետի պաշտոնի շուրջ ծագած տարաձայնությունն էր։
ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Մերգել Ղարիբյանը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ համայնքապետի պաշտոնը պիտի լինի ՔՊ-ինը, քանի որ այս քաղաքական ուժն է ամենաշատ ձայներ հավաքել։
Հիշեցնենք, որ Ամասիայում ընտրապայքարի էին դուրս եկել երեք քաղաքական ուժեր․ ՔՊ-ն, որի թեկնածուն 38-ամյա Մերգել Ղարիբյանն է՝ Արփի խոշորացված համայնքի ղեկավարը, «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը, որի թեկնածուն Ամասիա խոշորացված համայնքի 71-ամյա ղեկավար Ջեմմա Հարությունյանն է և ՀՀԿ-ն, որի թեկնածուն էլ վերջինիս տեղակալն է՝ Արթուր Մկրտումյանը։
Թե՛ ՔՊ-ին, թե՛ «Արփի Ամասիա» դաշինքին հասնում էր վեց մանդատ, իսկ ՀՀԿ-ն ՝3 ։
Կարդացեք նաև
Վերջին երկու քաղաքական ուժերը որոշել էին միավորվել, կոալիցիա կազմել, սակայն այս մասին հայտարարություն տարածելուց անմիջապես հետո ծրագրերը կարծես փոխվեցին։
Ըստ տեղեկությունների, «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը համաձայնել էր հրաժարվել ՀՀԿ-ի հետ միավորվելու մտադրությունից ու տեղական ինքնակառավարումը ստանձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ Ջեմմա Հարությունյանին համայնքապետ ընտրելու պայմանով, սակայն ՔՊ-ն առարկել էր։ Իշխող քաղաքական ուժը գերադասեց չվերցնել մանդատները։
Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրեց, որ նիստ են անցկացրել՝ Ամասիայում 9 մանդատ հանձնելով․ 6 հատը՝ «Արփի Ամասիա» դաշինքին, 3 հատը՝ ՀՀԿ-ին։
«ՔՊ-ականների գրանցումը համարվեց ուժը կորցրած՝ իրենց դիմումների համաձայն։ Ամասիայում նոր ընտրություններ միանշանակ չեն լինելու»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ