«Ռեպրեսիաներ չենք սկսել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը՝ հարցին, թե ինչու են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ սկսել ճնշումներ կիրառել:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՔՊ-ի այդ քայլը՝ անվստահության գործընթաց սկսելու Մարությանի դեմ՝ Եղոյանը պատասխանեց. «Հարցն այն չի, թե նրա աշխատանքը ինչպես ենք գնահատում: Հարցն այն է, որ Երեւանի ավագանին ու քաղաքապետն ընտրվում են քաղաքական հետեւանքով, ներկայացնում են քաղաքական թիմեր եւ ճիշտ այնպես, ինչպես ԱԺ-ում չի կարող քաղաքական թիմից դուրս եկած պատգամավորը լինել ԱԺ նախագահ, տեղակալ, հանձնաժողովի նախագահ, ճիշտ այդպես էլ նույն տրամաբանությունը գործում է Երեւանի ավագանու դեպքում»:
Հարցին՝ դուք առաջնորդվում եք՝ «պոլի փետ լինի՝ ՔՊ-ական լինի» սկզբունքո՞վ՝ Եղոյանը հորդորեց այդ բառապաշարով իրեն հարց չուղղել. «Ինձ հետ խոսելու բառապաշարը համապատասխանեցրեք իմ պահանջներին»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ձեր գլխավոր գործառույթը երկրի տարածքային ամբողջականությունը պահելն է, անվտանգային հարցերը լուծելը, ստացվում է, դուք այդ ամբողջ խնդիրները մի կողմ դրած՝ քաղաքապետ եք ուզում հեռացնել, ինչքանո՞վ է դա հիմա ճիշտ՝ Արման Եղոյանը պատասխանեց. «Դա առանձին համայնքային խնդիր է: Լավ է չեք ասում՝ խնդիրները մի կողմ դրած՝ տոնածառ են դնում, խնդիրները մի կողմ դրած՝ թոշակ են բաժանում: Դա ի՞նչ ասելու բան է: Ամեն պրոցես իր իմաստն ունի: Ավագանին հավաքվել է, կորոշի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ