Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իզուր են փորձում հետապնդել․ մեր մարդիկ ո՛չ վախեցող են, ո՛չ սարսափող»․ Ախուրյանում հետընտրական կրքեր են

Դեկտեմբեր 16,2021 17:57

Քիչ առաջ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցը հայտարարություն էր տարածել՝ իշխանություններին կոչ անելով վերջ դնել Ախուրյանում իրականացվող քաղաքական և ուժային տեռորին։

Ըստ հայտարարության, ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ին հասնում է 13 մանդատ, համագործակցության հուշագիր ստորագրած «Ախուրյան» և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքին՝ 14, սակայն իշխանությունը, հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդները կիրառելով, փորձում է զավթել Ախուրյանում տեղական իշխանությունը։

«Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանությունները գործի դրեցին հնարավոր և անհնարին բոլոր մեթոդները՝ փորձելով ճնշելու և վախեցնելու ընդդիմադիր դաշինքների կողմնակիցներին։ Ախուրյանում իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ գործի դնելով իրենց հաճոյակատար դարձած իրավապահ համակարգը»,-նշված է հայտարարության տեքստում։

Aravot.am-ը «Հաղթանակ» դաշինքի թեկնածու, դաշնակցական Կարեն Արշակյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ գործողություններ են անում ՔՊ-ականներն Ախուրյանի իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու համար։

Կարեն Արշակյան

«Մեր ավագանու անդամներին համոզելու, իրենց կողմը դարձնելու փորձեր կատարվել են, բայց ինձ չի թվում, որ մեր մարդկանցից որևէ մեկը թեքվի իրենց կողմ, մեզ հետ ճամփա են անցել, ի՞նչ ձևի կարող են ճամփա փոխել։ Փորձում են լծակներ օգտագործել, բայց կարծում եմ՝ ապարդյուն ջանքեր են, մեր մարդիկ ո՛չ վախեցող են, ո՛չ սարսափող։

Դպրոցի ուսուցուհի ունեմ իմ ցուցակում, որն ինքնաբացարկ է հայտնել»,-ասաց Կարեն Արշակյանը։

«Ախուրյան» դաշինքը գլխավորող Արծրուն Իգիթյանի հեռախոսահամարը տևական ժամանակ է՝ անհասանելի է, նրա հետ այսօր ևս փորձեցինք կապ հաստատել, սակայն դարձյալ անհասանելի էր։

Վարդան Իկիլիկյան

Մենք զրուցեցինք դատական քաշքշուկներով ընտրապայքարից դուրս մնացած ընդդիմադիր «Իկիլիկյան դաշինք»-ի ցուցակը գլխավորող Վարդան Իկիլիկյանի հետ, որը ընտրություններում սատարում էր դաշնակցական թեկնածուների գլխավորած դաշինքներին։

Նա ասաց․ «Սրա անունը ընտրություն չէր, բռնություն էր։ Պարտվել, պրծել են, 425 ձայնով «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքներն առաջ են անցել, բա էդ 425 ձայնի վրա թքած ունենա՞ք։ Ե՛վ «Ախուրյան» դաշինքի թեկնածուներին են ճնշում և՛ «Հաղթանակ» դաշինքի, մարդիկ ստիպված ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել՝ մի հոգի մի դաշինքից, մի հոգի էլ՝ մյուս դաշինքից։

Էդ մարդկանց նկատմամբ հետապնդումներ են սկսել, մեկը ուսուցիչ է, մյուսը՝ սոցապնախարարության աշխատող է։ Ուսուցչուհուն էլ, որն աշխատանքից դուրս է եկել, հավանաբար վախեցրել են, նա մեզ ոչինչ չասաց, մենակ լաց էր լինում, տղան բանակում է, հավանաբար հենց դրանով են վախեցրել։

Նպատակը մեկն է՝ այս երկու դաշինքներից ավագանու մի անդամ փախցնել, տանել ՔՊ-ի կողմը, որպեսզի իրենց ձայները շատ լինեն, բայց չէ՞ որ 425 մարդ դաշինքներին ավել է քվեարկել։ Բա էդ ձայների մասով ո՞ւմ պիտի պատասխան տանք։ Մարդաորս են սկսել»։

Մեր հարցին՝ կոնկրետ ո՞ւմ կողմից են ճնշումները, Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանի՞, որը ՔՊ-ի ցուցակն է գլխավորում Ախուրյանի ՏԻՄ ընտրություններում, Վարդան Իկիլիկյանն ասաց․ «Ես չգիտեմ նա կա՞, թե՞ չէ այս պատմության մեջ, Առափիի համայնքապետն ամեն տեղ ասում է՝ ՔՊ-ին, որ հայհոյում եք, դա ես եմ, բայց ՔՊ-ն որ ձեր նկատմամբ վատ բան է անում, դա ես չեմ։ Հիմա ես չգիտեմ՝ ո՞րն է ճիշտ, ինքն է, թե՞ ինքը չէ, եթե ամբողջ թիմն է, ինքն էլ թիմի առաջնորդն է», -ասաց Վարդան Իկլիկյանը։

Մենք պարզաբանումներ ստացանք նաև ՔՊ-ի ցուցակը գլխավորող Ալբերտ Այվազյանից, այն կհրապարակենք քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031