Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան-Ադրբեջան․ ի՞նչ է լինելու»

Դեկտեմբեր 16,2021 17:30

JAMnews. Հիմնական վարկածները, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում մոտակա ամիսներին, երկու երկրների առաջնորդների երկու նշանակալից հանդիպումների ֆոնին՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Եվրամիության մասնակցությամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին Սոչիում «մինի գագաթնաժողով» է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նշանավորել է հայ-ադրբեջանական հակամարտությունում դիվանագիտական գործընթացի երկար սպասված վերսկսումը։

Հանդիպմանը քննարկվել է երկու հիմնական հարց՝ առևտրային և տրանսպորտային կապերի պլանավորվող «ապաարգելափակումն» ու երկու երկրների միջև սահմանազատումը։

Այս երկու հարցերը դեռևս լուծված չեն, թեև կարևոր կետեր էին 2020 թ․ նոյեմբերին Ռուսաստանի ճնշման տակ ստորագրված հրադադարի համաձայնագրում։

Լուծված չէ նաև հայ գերիների և պահվող այլ անձանց զգալի մասին վերադարձնելուց Ադրբեջանի հրաժարման հարցը։

Սոչիի գագաթնաժողովի նշանակությունը

Հանդիպումը, որը կայացել է Սոչիում նոյեմբերի 26-ին, կարևոր էր ինչպես այն տեսանկյունից, թե ինչ էր այն իրենից ներկայացնում, այնպես էլ այն տեսանկյունից, թե ինչ չէ՛ր ներկայացնում։

Նախ՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը դիվանագիտությանը վերադառնալու կարևոր քայլ էր՝ ի տարբերություն զենքի ուժի։

Սոչիի հանդիպման երկրորդ կարևոր գործոնը դրա արժեքն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, որը «մինի գագաթնաժողով» անցկացրեց՝ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք հանդիպումից առաջ, որը Եվրամիությունը պլանավորել էր դեռևս Սոչիի գագաթնաժողովի գաղափարի ի հայտ գալուց առաջ։

Այդ համատեքստում Պուտինը ձգտում էր առաջ անցնել ԵՄ-ից և Սոչին օգտագործեց՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի՝ որպես գերիշխող խաղացողի դերը հաստատելու համար։

Սակայն դա չի բացառում Արևմուտքի ներգրավվածությունը խաղաղության գործընթացին։ Ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերադարձը Մոսկվային բացառիկ լեգիտիմություն տվեց Արցախում խաղաղապահների միակողմանի տեղակայման համար։

Եվ երրորդ կարևոր դետալը, որն առանձնահատուկ նշանակություն է տալիս Սոչիի հանդիպմանը, այն է, թե ինչ չէր իրենից ներկայացնում հանդիպումը։

Դա մի միջոցառում էր, որի շրջանակում դիվանագիտական շփումներն անցկացվել են բանավոր պարտավորությունների վրա շեշտադրումով, և արդյունքում որևէ փաստաթղթի ստորագրում չէր սպասվում։

Այն դարձավ ավելի երկարատև և բարդ գործընթացի մի մասը, թեև հանդիպումն ինքնին հաջողեց, հատկապես Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակումներից և ադրբեջանական կողմի ազատ արձակած երկու հայ ռազմագերիների վերադարձից հետո։

Ի՞նչ է լինելու

Սոչիի գագաթնաժողովն անցկացվել է Ադրբեջանի թվացյալ զիջման համատեքստում, որը դժկամությամբ է համաձայնել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ։

Սա թույլ է տալիս մտածել մոտակա ամիսներին իրադարձությունների զարգացման երկու հիմնական վարկածների մասին։

Վարկած առաջին

Առաջին հերթին՝ արդարացված սպասումներ կան, որ կողմերը վերջապես պայմանավորվածության կգան Ադրբեջանից դեպի Նախիջևան ավտոմոբիլային և երկաթուղային ուղիների վերականգնման առաջին փուլի իրականացման շուրջ։

Այդպիսի համաձայնագիրն առանձնահատուկ նշանակություն ունի Ադրբեջանի համար և՛ որպես կարևոր հետպատերազմական հաղթանակ, և՛ որպես տարածաշրջանային առևտրի և տրանսպորտի վերականգնմանը վերաբերող ավելի խոշոր պլանի առավել նշանակալից բաղադրիչի իրականացում։

Սակայն դա նաև շատ կարևոր է Ռուսաստանի համար, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև առցանց հանդիպում անցկացնելու անհաջող փորձից հետո, որի ընթացքում ենթադրվում էր, որ կողմերը կհաստատեն բեկումնային պայմանագիր հրադադարի համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց։

Այն ստորագրվել է Ռուսաստանի ազդեցության ներքո, 2020 թ-ին։

Եվ, թեև այդ հարցը Սոչիի հանդիպման օրակարգում էր, ակնկալվում է, որ ավելի մանրամասն այն քննարկվելու է հաջորդ հանդիպմանը, որը կայանալու է դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։

Վարկած երկրորդ

Սպասումներ կան, որոնք վերաբերում են սահմանազատման խնդրին։

Նախիջևանի հետ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության «ապաարգելափակումն» Ադրբեջանի համար ավելի կարևոր է, սակայն սահմանազատման հարցը կրիտիկական կարևորություն ունի Հայաստանի համար։

Այստեղ, մասնավորապես, իրադարձությունների զարգացման երկու հավանական սցենար կամ տարբերակ կա․

եռակողմ «աշխատանքային խմբի» ձևավորում, որը լիազորված կլինի բանակցություններ վարել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին,
կամ էլ այդ աշխատանքի ներառում տրանսպորտի և առևտրի հարցերով արդեն գոյություն ունեցող աշխատանքային խմբի պատասխանատվության շրջանակի մեջ։

Անկախ նրանից, թե ինչպես է դա իրականացվելու՝ երկու տարբերակներն էլ իրավական և ինստիտուցիոնալ անհրաժեշտ հիմք կապահովեն սահմանազատման համար։

Այդպիսով՝ դրանք կնպաստեն լարվածության նվազման կարևորագույն գործընթացին, ինչպես նաև ուժի և զինված ներխուժման միջոցով սահմանային վեճերի լուծման փորձերի նվազմանը, որոնք Ադրբեջանը ձեռնարկում է 2021 թ․ մայիսից։
Ավելի լայն համատեքստ

Սոչիի և Բրյուսելի հանդիպումներն, ի վերջո, ավելի լայն համատեքստի մաս են, որում Ադրբեջանը հետևում է իր հետպատերազմյան ռազմավարությանը, որը երեք հստակ տարրերից է բաղկացած։

Եվ առաջինը հրաժարումն է հայ ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին գերությունից ազատելուց և ռազմական ներխուժումն է Հայաստանի տարածք, որն իրականացվել է 2021 թ․ մայիսին։

Այստեղ Ադրբեջանը համեմատաբար հաջող «անցումային» մոտեցում է կիրառել, որը միտված է Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ ստանալուն։

Սակայն ստացվում է, որ Հայաստանի վրա մշտական և հետևողական ճնշումը բերում է ոչ միայն հայկական կառավարության թուլացմանն, այլև դիվանագիտական և ռազմական առումով Բաքվի դիրքերի ամրապնդմանը։

Ռազմագերիներին որպես դիվանագիտական արժույթ և քաղաքական ապրանք օգտագործելով՝ Բաքուն, ըստ ամենայնի, հավատարիմ է մնալու երկարաժամկետ կտրվածքով բանտարկյալներին աստիճանաբար մասնակիորեն ազատ արձակելու քաղաքականությանը։

Ադրբեջանի հետպատերազմյան այս նոր ռազմավարության երկրորդ տարրը հիմնված է հավակնոտ և բավականին համարձակ քայլի վրա՝ բացահայտ մարտահրավեր նետել Ռուսաստանին՝ հրաժարվելով կատարել 2020-ի նոյեմբերին նրա պարտադրած հրադադարի պայմանների կատարումից։

Միաժամանակ, վտանգավոր և հանդուգն գրոհները հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով խաթարում են Հայաստանի հարավում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուսական ռազմական ներկայության պլանավորված ընդլայնումը։

Դրանք նաև ցույց են տալիս, թե որքան թույլ են Հայաստանին տրված անվտանգության երաշխիքները թե՛ Ռուսաստանի, թե՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից։

Եվ այդ ռազմավարության երրորդ բաղադրիչը բխում է Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակից։

Այն հիմնված է այն փաստի վրա, որ 2020 թ-ի Արցախյան պատերազմում տարած «հաղթանակը» բավականաչափ պարզ և համոզիչ չէր՝ Ալիևի ռեժիմի երկարաժամկետ գոյատևումն ապահովելու համար։

Ավելին՝ պատերազմը չի ավարտվել Ղարաբաղյան հակամարտության «կարգավորմամբ» և Ադրբեջանին լիակատար հաղթանակ չի բերել։

Փաստացի, երբ հնարավորություն չկա Ղարաբաղյան հակամարտությունից ավելի շատ քաղաքական օգուտ քաղելու, ժողովրդավարական բարեփոխումների բացակայությունն արդարացնելու և Ալիևների ընտանիքի ներսում առկա կոռուպցիայից ուշադրությունը շեղելու համար, Ադրբեջանի կայունությանը և դրա առաջնորդի հանգստությանը սպառնացող մարտահրավեր է առաջանում։

Այդպիսով, սահմանին լարվածությունը պահպանելով՝ Ալիևը լուրջ, թեև կարճաժամկետ հնարավորություն է ստանում շարունակելու ամրապնդել իր պոպուլյարությունը, և այդ պայմաններում պետք է ձգձգել Հայաստանի (Արցախի) հետ «պատերազմական դրությունը», որը կարևոր քաղաքական դիվիդենդներ է բերում։

Սակայն այս ռազմավարությունը շարունակում է լինել կարճաժամկետ և սահմանափակ՝ չավելացնելով Ալիևի կառավարության կայունությունը՝ հատկապես վտանգավոր կերպով չափազանցված սպասումների և ավելի համոզիչ ու լիարժեք հաղթանակի պահանջների ֆոնին։

Ռիչարդ ԳԻՐԱԳՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031