Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին (լուսանկարում) առաջադրված մեղադրանքի գործով դատարան ներկայացված՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը դատարանն անժամկետ երկարաձգել է:
Մեզ հետ զրույցում Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը նշեց, որ Մանուչարյանի կալանավորման ժամկետը վերջանում էր դեկտեմբերի 9-ին, սակայն գործը քննելու համար ուղարկվել է դատարան, իսկ դատարանը որոշումը թողել է անփոփոխ և Մանուչարյանը մինչև այսօր կալանքի տակ է գտնվում․
«Այս պահին կալանքն անժամկետ է, հիմա մենք պաշտպաններով պատրաստվում ենք բողոք ուղարկել Վերաքննիչ դատարանին, որպեսզի հասկանանք Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը բողոքի կապակցությամբ»:
Թամրազյանը զերծ մնաց քաղաքական գնահատականներ տալուց, սակայն նշեց, որ առաջադրված մեղադրանքը ակնհայտ ապօրինի մեղադրանք է՝ իրավաբանության մեջ չտեղավորվող որակումներով․
Կարդացեք նաև
«Մնացածը թողնում եմ ձեր մեկնաբանությանը, թե ինչքանով է սա քաղաքական հետապնդում»:
Հիշեցնենք, որ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատավոր Գևորգ Պողոսյանը Բերդի համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ի մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը) առաջադրված մեղադրանքի հիմքով։
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հարություն Մանուչարյանի որդին՝ Անուշավան Մանուչարյանը 5500 մետր սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի հենապատ կառուցելու ընթացքում հենապատը մի քանի մետր հայտնվել է համայնքային հողում, որի մասին Բերդ համայնքի ղեկավարը տեղեկացել է 2020 օգոստոսի 27-ին: 2020 թվականին Մանուչարյանի դեմ հարուցվել է վարչական վարույթ, սակայն պատերազմի հետևանքով այն կասեցվել է և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացել են, սակայն վարույթն իրականացնող մարմինը Մանուչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը՝ մեկ ամիս ժամկետով կալանավորել է վերջինիս:
Ի դեպ, «Փաստ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որ իրենց տեղեկություններով, իշխանությունները Տավուշի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի միջոցով ոչ մեկ անգամ Մանուչարյանին առաջարկել են հրաժարական տալ, որպեսզի կարողանան ՏԻՄ ընտրությունների շրջանակներում Բերդում ևս պաշտոնակատար նշանակել իրենց ցանկալի անձին:
Սակայն Հարություն Մանուչարյանը հրաժարվել է, ինչից հետո հարուցվել է քրեական գործ, իսկ օրեր առաջ որոշում է կայացվել նաև նրան կալանավորել։
«Մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմա էլ են իշխանություններն ուղիղ տեքստով Մանուչարյանին առաջարկում հրաժարական տալ՝ խոստանալով այդ դեպքում ոչ միայն կալանավորման որոշումը փոխել, այլև նույնիսկ քրեական գործը կարճել: Մանուչարյանը, մեր տեղեկություններով, դարձյալ հրաժարվել է՝ նշելով, որ նախ՝ գործարքի չի գնում, և երկրորդ՝ համարում է, որ հարուցված քրեական գործը բացարձակ անհիմն է, ու ինքը մեղադրանքը չի ընդունում:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, այս իրադարձությունները շատ մեծ դժգոհություններ են առաջացրել ոչ միայն Բերդի ավագանու անդամների, այլև բնակչության շրջանում, և չի բացառվում, որ առաջիկայում Բերդում լուրջ հուզումներ ու բողոքի ակցիաներ սկսվեն», – գրում է թերթը:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ