«Խորհրդարանական ընտրությունները, իհարկե, շատերիս համար ունեցան անսպասելի արդյունքներ, սակայն գնահատում եմ, որ այս տարվա մեջ դրանք ներքին կայունության վերականգնման արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում գնահատելով 2021 թվականը, այսպիսի կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա՝ ամեն դեպքում դա շանս էր ՀՀ-ում քաղաքական համակարգի առողջացման համար, սակայն նրա պնդմամբ՝ այդ համակարգը չի առողջացել, ավելին, շարունակում է գլորվել անհասկանալի ուղղությամբ: Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ մեր բոլոր խնդիրների լուծման բանալին մեր ներքին միասնականությունն է:
Էդմոն Մարուքյանն ասաց՝ իրենք բոլորին կոչ են արել համախմբման և ժամանակին մտել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացի մեջ: Այս առիթով հավելեց. «Հասկանում էինք, որ ոչ սև ենք, ոչ սպիտակ, հետևաբար այդ տրամաբանությամբ սևերը սևերի հետ, սպիտակները՝ սպիտակների, մենք լուսանցքային ենք: Այդ ամենը գիտակցելով՝ գնացինք դրան: Հիմա էլ խորհրդարանում կան ուժեր, որոնք բեռ ու պատասխանատվություն ունեն այդ նույն հայրենիքի առաջ»:
Պատասխանելով արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող հարցերին՝ Էդմոն Մարուքյանն ընդգծեց՝ խնդիրն այն է, որ հայկական կողմը չի ձևակերպել իր նպատակները, թե ինչ ենք մենք հետապնդում այս բանակցություններում, և որոնք են մեր կարմիր գծերը: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը հստակ ասում է՝ ինչ են ուզում և գործողություններ անում իրենց ուզածին հասնելու համար: Էդմոն Մարուքյանի փաստմամբ՝ չկա նաև ձևակերպված, թե ԼՂ հետ կապված մենք ինչ ուղենիշներ ունենք և ինչ նպատակներ ենք հետապնդում:
Կարդացեք նաև
Սահմանազատումն ու սահմանագծումը Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ վատ բան չէ, եթե այն ճիշտ ես կառավարում: Նա պարզաբանեց. «Այն պետք է ամբողջովին տարանջատված գործընթաց լինի ԼՂ հիմնախնդրից: Չի կարող լինել սահմանազատում, որը ենթադրում է Արցախ Ադրբեջանի կազմում, իսկ սահմանները ճշգրտելը կարևոր բան է: Պետք չէ շտապել, հանգիստ պետք է այս գործընթացը տանել: Բրյուսելը Սոչիի շարունակությունն է, և միջազգային հանրությունը հակված է, որ Հարավային Կովկասում մեզ հետ կապված կոնֆլիկտի լույսի ներքո լինի խաղաղություն, և կա աջակցություն այդ խաղաղությունը բերելու համար: Եթե կողմերը կարող են աշխատել, իրար հետ լեզու գտնել, միջազգային հանրությունն աջակցում է այդ գործընթացին: Որևէ մեկը չունի լուծում, մենք պետք է լեզու գտնենք միմյանց հետ»:
Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին՝ նա ասաց. «Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկան ձևակերպումներ իր պատկերացումների մասին, հետևաբար մենք նման պարտավորություն չունենք: Ունենք ստանձնած պարտավորություն կոմունիկացիաներ բացելու, ինչի մասին հայկական կողմը շարունակում է հայտարարել: Հայկական կողմն այս առիթով կոնստրուկտիվ մոտեցումների մեջ է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ