ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանը «Հայելի» ակումբում այսօր անդրադարձել է Ժիրայր Լիպարիտյանի՝ օրերս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եղբայրանալու անհրաժեշտության մասին արած հայտարարություններին: «Ինչպես է այդ անձնավորությունը, որը հեռացվել է դաշնակցությունից, հայտնվել Հայաստանի կառավարման համակարգում եւ ուղղակի լվացել Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղեղը: Ինչպես ասվում է, նմանն զնմանին գտանի: Նրանք գաղափարակից բարեկամներ են: Երբ մեր հակասությունը ցցուն դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, 1991 թվականն էր: Երբ պարզվեց, որ մեր պատկերացումները Հայաստանի, Հայաստանի եւ Արցախի միասնական ապագայի վերաբերյալ չեն համընկնում Տեր-Պետրոսյանի տեսլականի հետ, Ժիրայր Լիպարիտյանը դաշնակցության դեմ պայքարի առաջին գծում էր, որովհետեւ գիտեր, որ գաղափարական այդ երկու ուժերի միջեւ է քաղաքական ամբողջ դաշտը կենտրոնացած: Իմիջիայլոց, դա այս 30 տարիների ընթացքում անընդհատ շարունակվում է:
Մեծ հաշվով, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի եւ Արցախի ապագան, դաշնակցությունը, ազգային ուժերը մեկ պատկերացում ունեն, այլ պատկերացում ունեին առաջին նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը, նրա շրջապատը՝ գաղափարական կամ հիմնադիր հողատուները, եւ նրանց հոգեզավակները, որոնք այսօր հասել են իշխանության: Եվ պատահական չէ, որ այսօր առաջին հարվածի թիրախում ազգային ուժերն են եւ առաջին հերթին դաշնակցությունը: Նաեւ պատահական չէ, որ իրենց գաղափարների իրականացման հենց այս օրերին այդ պորտալարի կապը հստակ ի հայտ է գալիս ի դեմս Ժիրայր Լիպարիտյանի, որը գալիս, պաշտպանում է սրանց, այսպես ասած, հիմնավորում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ քիրվայություն անելը: Նույնիսկ հասնում է այն սրբապղծությանը, որ Հայաստանի համար վտանգ չի տեսնում Ադրբեջանից եւ Թուրքիայից: Այսինքն, այս պատերազմում զոհված 5000 սերունդը, նախորդ պատերազմում զոհված սերունդը, ամեն օր իրականացվող գերեվարումները, Թուրքիայի բանտերում հայ գերիների վիճակը, նրան չեն համոզում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանին եւ հայ ժողովրդին ուղղակի գոյաբանական վտանգ է սպառնում Հայաստանի տարածքում: Եվ նրա հոգեզավակը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գծով բանագնաց նշանակել մեկին, որի հայրը հողատուների առաջին սերնդի ներկայացուցիչն է: Իսկ մեր ժողովրդի մի մասը ինքնապաշտպանական բնազդը կորցրել եւ անտարբեր հետեւում է, թե մինչեւ ուր կարող են այս դավաճան հողատուները տանել Հայաստանը եւ հայ ժողովրդին»,- ասաց դաշնակցական գործիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ