Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկային իմաստով ես միանում եմ պարոն Ասլանյանի ազատության բոլոր կոչերին». Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 16,2021 16:40

«Մարդկային իմաստով ես միանում եմ պարոն Ասլանյանի ազատության բոլոր կոչերին: Թող նա մնա ազատության մեջ, և թող քրեական գործը քննվի»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Վանաձորի ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած Մամիկոն Ասլանյան դաշինքի առաջնորդ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ձերբակալությանը:

Հարցին՝ սա նո՞ր մեթոդ է, երբ ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած անձինք ձերբակալվում են, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ դա իրենց համար անընդունելի է:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին ձերբակալվեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքը գլխավորած, ՏՒՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Վարդենիսում ձերբակալեցին «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ տեղական մակարդակում չունենք իրավիճակ, երբ կարող ենք ձևակերպել որպես ընդդիմադիր: Ըստ նրա՝ նրանք այն մարդիկ են, որոնք ստացել են ամենաշատ ձայները: Այս առիթով ասաց. «Բնականաբար, դա անընդունելի է: Չի կարող ժողովրդավարական ՀՀ-ում նման պրակտիկա լինել: Կան քրեական գործեր, բայց դրանք, եթե կան, եղել են, պետք է ավելի վաղուց ընթացք ստանային և չգային ու չհամընկնեին ընտրությունների գործընթացների հետ: Այլապես անաչառ դիտորդի մոտ ձևավորվում է կարծիք, որ սա կապված է ընտրության, ընտրության արդյունքների հետ: Մեզ դա խորթ պրակտիկա է, և պետք է դրա հետևանքներն ու ընթացքը հասկանալ՝ ինչպիսին են: Անգամ, եթե քրեական գործեր կան, տվյալ անձինք կարող են չկալանավորվել, և քննությունը գնա առանց խափանման միջոց կալանքն ընտրելու: Այսինքն, եթե այդ անձը քաղաքական գործընթացի մեջ է, նաև քաղաքական գործընթացն էլ գնա, իր գործն էլ թող քննվի: Վարդենիսում ունենք նման իրավիճակ, Վանաձորում ունենք նման դեպք»:

Խոսելով կոնկրետ Վանաձորում տեղի ունեցողի մասին՝ Էդմոն Մարուքյանը վրդովվեց, թե Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը իր բնորոշմամբ՝ փորձում են տեղավորել «Լուսավոր Հայաստանի» գրպանի» մեջ: Նա պարզաբանեց. «Ես Մամիկոն Ասլանյանի հետ ունեմ ջերմ, մարդկային լավ հարաբերություններ: Պարոն Ասլանյանն անձամբ գիտի, որ մենք կապ չունենք և չենք կարող ունենալ նրա քրեական գործի հետ, որը սեպտեմբեր ամսին է հարուցվել: Ինքը դրա վերաբերյալ մեկնաբանություն պիտի տա: Ես՝ որպես վանաձորցի, համաձայն չեմ Մամիկոն Ասլանյանի վարած քաղաքականության հետ: Այն ամենը, ինչ արել է իրենց թիմը իմ թիմի, ընկերների նկատմամբ, այդ ամենը հաշվի առնելով՝ բնականաբար, մենք համաձայն չենք նրա վարած քաղաքականության հետ»:

Իսկ թե ինչու է ԼՀԿ-ն Վանաձորի ընտրությունների մասով դիմել դատարան, Էդմոն Մարուքյանը պարզաբանեց. «Ընտրության գիշերը մեզ ասել են, որ «Լուսավոր Հայաստանն» անցել է, լուսադեմին մեզ ասում են՝ դուք կունենաք մի մանդատ, քնում արթնանում ենք, պարզվում է՝ մենք չենք անցել: Ասում ենք՝ պետք է բողոքարկել այդ արդյունքները: Տեղի է ունենում վերահաշվարկ, վերահաշվարկի արդյունքում անճշտությունների թիվն արձանագրվում է 13, և պակասում է 10 ձայն: Սա նշանակում է, որ անճշտություններն ազդել են մեր ստացած քվեների վրա, և մենք դիմել ենք դատարան, որ դատարանը նշված հանձնաժողովը նայի ու ասի՝ այս անճշտություններն ազդե՞լ են մեր մանդատների վրա, մենք ստանալու ենք, թե՝ ոչ: Դատարանը կորոշի կամ մանդատները կբաշխվի մեզ, կամ ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031