Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան 9-20 տոկոսով

Դեկտեմբեր 16,2021 16:24

Արցախի հանրապետության խորհրդարանի այսօր կայացած նիստի օրակարգում էր նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց նախագիծը: Ըստ այդմ, նախատեսվում է պատական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում. բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության բարձրացում միջինը 9%-ով, բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության բարձրացում միջինը 17%-ով, պետական ծառայողների` այդ թվում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների եւ փրկարարական ծառայության ծառայողների վարձատրության բարձրացում միջինը 20%-ով:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել 2014թ. հուլիսի 1-ից պահպանված բարձր աշխատավարձերի չնվազեցման դեպքերը ծառայողի պաշտոնի առաջխաղացման, ինչպես նաև վերակազմակերպման հետևանքով այլ պաշտոնի նշանակման դեպքերում` օրենքի անցումային դրույթներում սահմանելով համապատասխան դրույթ, միաժամանակ ուժը կորցրած են ճանաչվում օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը:

Առաջարկվում է նաև քննչական կոմիտեի ծառայողներին ծառայության առանձնահատկություններով պայմանավորված տրամադրել հավելում, որը պայմանավորված է ԱՀ-ում և ՀՀ-ում պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական մոտեցումներ կիրառելու անհրաժեշտությամբ:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն առաջարկել էր բարձրացնել նաեւ խմբակցությունների ղեկավարների աշխատավարձը: Առաջարկ էր եղել բարձրացնել նաեւ ԱԺ նախագահի օգնականի, ԱԺ նախագահի տեղակալի օգնականի աշխատավարձերը: Նախարարն առաջարկեց հարցերը տեղափոխել 2022-ի հունվար-փետրվար ամիսների քննարկմանը: Արթուր Թովմասյանը չհամաձայնեց՝ ասելով, որ ինքը երկար տարիներ խմբակցության ղեկավար է աշխատել եւ լավ գիտի, թե ինչ հսկայական բեռ է խմբակցության ղեկավարի ուսերին: «Չի կարելի մարդուն աշխատացնել եւ չվճարել: ԱԺ նախագահը մի բան է ասել…»,-նեղսրտեց Արթուր Թովմասյանն՝ ասելով, որ ժամանակ կա, կառավարությունը կարող է հարցի լուծման իրավական հիմքերը գտնել, ինքն էլ հետամուտ է լինելու, որ այս նախագիծը՝ առաջարկներով, մինչեւ տարեվերջ ընդունվի:

Պետնախարար Արտակ Բեգլարյանը պարզաբանեց՝ խնդիր չեն տեսնում, պարզապես կառավարությունում չեն ցանկանում հակաիրավական տիրույթում գործել եւ խոստացավ՝ լուծումներ կգտնեն:

Նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 23-ին, 2022 թվականի բյուջեի նախագծի հետ: Պատգամավորները 24 ժամվա ընթացքում կարող են հավելյալ առաջարկներ անել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031