Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ր էր ձեր պաթոսը, երբ Ադրբեջանը մտավ ՀՀ տարածք»․ Թովմասյանի արձագանքը, երբ ՔՊ-ականները մեղադրեցին Ալիեւի փաստաբան լինելու մեջ

Դեկտեմբեր 16,2021 16:12

ԱԺ լիագումար նիստում այսօր ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը, նկատի ունենալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցադրումն ուղղված ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ քննադատեց ընդդիմության նման մոտեցումն առհասարակ։ «Եթե Ալիեւի դեպքում ամեն ինչ պարզ է, որովհետեւ  նրա ասածները սուտ են, բայց դրանք նպատակ ունեն գործել ՀՀ-ի դեմ։ Բա ձե՞ր դեպքում շահը որն է։ Ինչո՞ւ եք կրկնում այն սուտը, որը ՀՀ շահերի դեմ է»,-հարցրեց նա։

«Ինչո՞ւ եք փորձում ստանձնել Ալիեւի փաստաբանի, Ալիեւի թարգմանչի դերը եւ ՀՀ ազգային ժողովի նիստում հնչեցնում միտք, որին հետեւում են ՀՀ քաղաքացիները, միջազգային հանրությունը։ Լավ կլինի, որ պատասխանեք, թե ինչու եւ ինչ նպատակով եք այս դահլիճում ադրբեջանական կեղծիքը տարածում»,-կրկին հարցադրում արեց Գեւորգ Պապոյանը՝ պնդելով, որ նման հայտարարությունները հետո Ադրբեջանի կողմից միս ու արյուն են ստանում։

Թագուհի Թովմասյանն այսպես պատասխանեց․ «Ինձ մեղադրել գոյություն չունեցող բաներում ծիծաղելի է։ Ելույթներս այլեւս չմեկնաբանեք։ Այս ամբիոնից քանիցս ադրբեջանահաճո հայտարարություններ են հնչել, մինչդեռ ձեր պաթոսը չենք զգացել։ Երբ Ադրբեջանը մտավ ՀՀ տարածք, եւ այստեղից հայտարարվեց, թե տարածքն ադրբեջանական է, ձեր պաթոսը չերեւաց։ Ազնիվ եղեք ինքներդ ձեր հետ։ Ես ընդամենն արձանագրեցի, որ ՀՀ վերադարձած գերիները կալանավորվել են։ Պարոն Կիրակոսյանը զգացմունքային արձագանքեց իմ հարցադրմանը։ Այո, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ դրվեց հավասարության նշան, որովհետեւ ՄԱԿ-ի միջազգային դատարանն արձանագրեց, որ ՀՀ-ն պետք է միջոցներ ձեռնարկի՝ ռասսայական ատելության հրահրումը եւ տարածումը կանխելու համար։ Մինչդեռ ՀՀ-ն ռասսայական խտրականություն չի իրականացնել, ինչո՞ւ չապացուցվեց սա»։

Ապա ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը պնդեց՝ Թագուհի Թովմասյանի արտահայտած մտքերն իրենը չեն, այլ Ալիեւինը․ «Այդ ձեր ելույթներն են Եղիշե Կիրակոսյանին խանգարում միջազգային ատյաններում։ Չի կարելի Ալիեւի խոսքերն այստեղից կրկնել առանց հերքման։ Տիկին Թովմասյան, դուք մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եք, դուք վերարտադրում եք Ալիեւի ասածները, թե վերադարձած գերիները խոշտանգվում են ՀՀ-ում։ Մի հատ չեք էլ հերքում։ Երբ մի իբր ընդդիմադիր, իսկ իրականում՝ փող ուտող ու կաշառակեր է ձերբակալվում, մի քանի րոպեում մեխվում եք դատարանի առաջ։ Իսկ գերիների դեպքում չեք գնացել։ Ինչո՞ւ եք վերարտադրում Ալիեւի ասածները»։

Ապա ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանը դիմեց Եղիշե Կիրակոսյանին․ «ներողություն եմ խնդրում, որ ձեր աշխատանքն անտեսվեց ներքաղաքական թոհուբուհի մեջ։ Ցավում եմ, որ այսօր լսեցիք խոսեր, որոնք կխանգարեն ձեր աշխատանքին։ Ցավում եմ, որ տիկին Թովմասյանը ցիտեց Ալիեւին։ Ցավում եմ, որ ԱԺ-ում Ալիեւի փաստաբաններ կան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031