Դեկտեմբերի 5-ին Ախուրյան խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր «Ախուրյան» դաշինքը ստացել է 3854 ձայն, «Հաղթանակ» դաշինքը՝ 2810, իսկ «ՔՊ»-ն՝ 6195 ձայն: Ըստ այդմ, երկու ընդդիմադիր դաշինքները միասին հավաքել են 6664 ձայն, ինչը 469 ձայնով ավել է ՔՊ-ի ձայներից: Իշխող կուսակցությանը բաժին է հասնում ավագանու 13 մանդատ, երկու ընդդիմադիր դաշինքներին միասին՝ 14:
Ելնելով արդյունքներից, «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել:
Չհամակերպվելով արդյունքների հետ՝ իշխանությունը կեղծիքի, ուժի կիրառման, ստի ճանապարհով փորձում է զավթել Ախուրյանի ավագանին:
Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանությունները գործի դրեցին հնարավոր և անհնարին բոլոր մեթոդները՝ փորձելով ճնշելու և վախեցնելու ընդդիմադիր դաշինքների կողմնակիցներին։ Ախուրյանում իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ գործի դնելով իրենց հաճոյակատար դարձած իրավապահ համակարգը։
Տեղի ունեցողը երկրում առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, իշխանությունների կողմից ատելության և թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է:
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների կողմից նման անթույլատրելի գործելաոճը, կոչ ենք անում իշխանություններին՝անհապաղ վերջ տալ Ախուրյանում իրականացվող քաղաքական և ուժային տեռորին: Միաժամանակ՝ բոլոր մեթոդներով հակազդելու ենք ցանկացած ապօրինի դրսևորմանը և ամեն գնով պաշտպանելու ենք ժողովրդի կամարտահայտության արդյունքները։
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտե