Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Ինչպես հաղորդվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, Սալիվանը Գրիգորյանին է փոխանցել ԱՄՆ հանձնառությունը խաղաղության, անվտանգության և բարգավաճման օրակարգին Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում: Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ ռազմական տեղաշարժերը չդեմարկացված սահմանների վրա անպատասխանատու և սադրիչ բնույթ ունեն:
Սալիվանը նաև ողջունել է ընթացիկ հաղորդակցությունը երկու կողմերի միջև և ընդգծել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ շարունակել աջակցել վստահության կառուցման միջոցառումներին և տարածաշրջանային հաշտությանը թե՛ երկկողմ, և թե՛ Մինսկի խմբի համանախագահության մակարդակներում:
Սալիվանը ողջունել է նաև Հայաստանի և Թուրքիայի հայտարարությունները՝ կարգավորման գործընթաց սկսելու համար հատուկ բանագնացներ նշանակելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու համար և ընդգծել է ամուր գործակցությունը Հայաստանի բարեփոխումների, ժողովրդավարական հաստատությունների կառուցման և տնտեսական զարգացման ոլորտներում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ