Այս պահին Երեւանում քննվում է Վանաձորի նախկին քաղաքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատական նիստը:
Միաժամանակ Վանաձորի Արցախ պուրակում հավաքված քաղաքացիները պահանջում են ազատ արձակել նախօրեին ձերբակալված Մամիկոն Ասլանյանին. «Սա նշանակում է, որ ոչ մեկին այս երկրում հաշվի չեն առնում՝ ո՛չ գործարարին, ո՛չ վարսավիրին, ո՛չ բժշկին, ո՛չ ուսուցչին, եւ ոտնահարում են մեր իրավունքները: Եթե մենք ընտրել ենք եւ ուզում ենք, որ մեր քաղաքապետը լինի Մամիկոն Ասլանյանը, ուրեմն ուզում ենք, որ տեր կանգնենք մեր ձայնին եւ հարգեն մեր կարծիքը»,- մեզ հետ զրույցում ասաց գործարար Լուսինե Բարաթյանը:
Հավաքված քաղաքացիները գտնում են, որ այս կերպ իշխանությունը ոտնահարում է իրենց իրավունքը:
Կարդացեք նաև
Նրանք նշում են, որ եթե լինի կրկնակի ընտրություն, ապա կրկին պատրաստ են իրենց ձայնը տալ Ասլանյանին. «Բոլորս իրան մեծ սիրով ընտրել ենք ու էլի կընտրենք: Հարգված, սիրված ու նվիրված մարդ է: Ամբողջ գիշեր չեմ քնել, շատ մտածել եմ, վրես ազդել է: Էս ի՞նչ պետությունում ենք ապրում»,- ասում է Օլգա Ավետյանը:
«Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ Գոռ Բադյանն իր խոսքում նշեց, որ դաշինքը մինչեւ վերջ տեր է կանգնելու վանաձորցու քվեին. «Չենք հասկանում, թե ինչո՞ւ է վստահության ու հաղթանակի քվե ստացած Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել: Նրան ձերբակալել են, նրանից խլել են սահմանադրությամբ սահմանված իր իրավունքը, նրանից խլել են իր հաղթանակին տեր կանգնելու իրավունքը: Մեր պահանջը մեկն է՝ շատ արագ, անհապաղ ազատ արձակել Մամիկոն Ասլանյանին, վերականգնել նրա սահմանադրական իրավունքները: Մենք մինչեւ վերջ կանգնելու ենք Մամիկոն Ասլանյանի կողքին, որովհետեւ նրա կողքին արժանապատիվ վանաձորցին է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ