Լրահոս
Օրվա լրահոսը

«Մրցույթում առկա են իրավական նորմերին հակասող դրույթներ. Գնիշիկի տարածքում որսն արգելված է». բաց նամակ Արենի համայնքի ղեկավարին

Դեկտեմբեր 16,2021 15:40

Բաց նամակ Արենի համայնքի ղեկավարին և ավագանիին

Արենի համայնքում մտահոգիչ իրադրություն է

Հայտնում ենք մեր խորին մտահոգությունը Վայոց ձորի Արենի համայնքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։ Խոսքը գնում է Համայնքի ղեկավարի նոյեմբերի 16-ի N 308 որոշման մասին, որը տարակուսանք է առաջացրել։ Մասնավորապես՝ մրցույթում առկա են ՀՀ իրավական նորմերին հակասող դրույթներ, այն է՝ Գնիշիկ բնակավայրի տարածքներում որսահանդակների բացակայության պայմաններում խոսել թույլատրելի որսի մասին։ Գնիշիկ բնակավայրի տարածքում որսն արգելված է, քանի որ այն ներառված չէ ՀՀ Վայոց ձորի մարզի որսահանդակների սխեմատիկ քարտեզում (ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 860-Ն): Այս պայմաններում ոչ մի իրապես բնապահպանական կառույց սկզբունքորեն չի մասնակցի հայտարարված մրցույթին։ Բացի այդ՝ բացակայում է անհրաժեշտ մրցույթի տեխնիկական բնութագիրը, ինչպես նաև բնապահպանական ծրագրեր իրականացնելու չափանիշները։

Ընդգծենք, որ որոշման կայացման գործընթացին մասնակցություն չի ունեցել նաև Գնիշիկ բնակավայրի վարչական ղեկավարը և զրկված է եղել կարծիք հայտնելու հնարավորությունից, այն դեպքում, երբ խոսքը գնում է Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքի հողավանդակների վարձակալության մասին։ FPWC սկզբունքն է համայնքին մասնակից դարձնել բոլոր նախագծերում, այդ թվում՝ բնապահպանական գործառույթներում և Գնիշիկ բնակավայրի վարչական ղեկավարը քաջատեղյակ է եղել մեր կողմից իրականացվող ծրագրերին, մասնակցել և նպաստել է դրանց իրականացմանը։

Ինչպես գիտեք՝ 4 տարի շարունակ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի տարածքում իրականացվել են բազմաթիվ բնապահպանական ծրագրեր, որոնց շրջանակներում ներդրվել են հսկայական ֆինանսական, մարդկային և ժամանակային ռեսուրսներ։ Այս տարիների ընթացքում Գնիշիկ և Արենի խոշորացված համայնքում FPWC կողմից ընդհանուր 200 մլն դրամի ներդրում է իրականացվել․ ներդրվել է փողոցային լուսավորության էներգախնայող LED համակարգ, կառուցվել են խմելու և ոռոգման ջրի համակարգեր, իսկ գյուղատնտեսությունը խթանելու նպատակով ընդհանուր օգտագործման համար համայնքային բնակչության համար ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Մարդ-վայրի բնություն խնդրի լուծման նպատակով Հիմնադրամը տեղի բնակչությանը նվիրաբերել է էլեկտրական հովիվներ, ինչպես նաև՝ փոխհատուցել է գորշ արջերի հասցրած վնասների մի մասը։ Բացի այդ, Հիմնադրամի անտառապահները շուրջօրյա հսկողություն են ծավալում Գնիշիկ և հարակից բնակավայրի տարածքում՝ բացառելով որսագողության դեպքերը, ծառահատումները, վայրի բուսատեսակների գերհավաքչությունն ու գերարածեցումը այն հատվածներում, որոնք հայտնի են որպես տվյալ տեսակի աճելավայր/բնադրավայր/ապրելավայր: Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր յուրահատկությունները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների և ներդրումների վերջնանպատակն է Գնիշիկ համայնքը ապագայում դարձնել էկոգյուղ՝ իր ինքնաբավ տնտեսական բաղադրիչով, ինչը մեծ հետաքրքրություն կներկայացնի նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, առողջ և օրգանական սննդամթերքի արտադրության, ինչպես նաև՝ մշակութային արժեքների տեսանկյունից։ Գնիշիկ համայնքն արդեն իսկ ներառված է Համայնքները հանուն բնության կոնսորցիումի կազմում, ինչը նշանակում է, որ ավելի քան տասնյակ միջազգային բնապահպանական կառույցներ ներգրավված են Գնիշիկ համայնքի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներում։

Ստացվում է՝ այս տարիների ընթացքում FPWC կողմից ներդրված ռեսուրսներն ու ջանքերը, որոնք ուղղված են համայնքում բնապահպանական և սոցիալական կայունության ապահովմանը, Ձեր կողմից պատշաճ չեն գնահատվել և այժմ առկա գաղափարական տարաձայնությունների պատճառով կասկածի տակ է դրվել մեր հետագա գործունեությունը համայնքում։ FPWC տեսլականը տանում է դեպի տնտեսապես կայուն համայնքի՝ էկոգյուղի ձևավորումը, իսկ նման պայմաններում նշված հողատարածքների կառավարման հանձնումը որևէ կառույցի հակասում է թե՛ մեր, թե՛ ամբողջ աշխարհում ընդունելի սկզբունքներին։

Հարգելի պարոն Սահակյան և ավագանու անդամներ, սույն նամակով հորդորում ենք կասեցնել մրցույթի ընթացքը, խնդրում ենք վերանայել Ձեր մոտեցումները և որոշումը, եթե իրապես ցանկանում եք համայնքում բնապահպանությանը զուգահեռ տնտեսական և սոցիալական կայունություն ապահովել։

Հորդորում ենք նաև կայացնել կառուցողական և արդյունավետ որոշում, որը կբխի համայնքի շահերից՝ չշարունակել ինչպես նախկինում, այլ բացառել կեղծ բնապահպանական օրակարգը։ Նշված տարածքները նման պայմաններով որևէ կազմակերպության կառավարմանը հանձնելն ուղղակի սպառնալիք է համայնքի կայունությանը և բացասական ազդեցություն է ունենալու միջազգային դոնորների վրա, որոնք ցանկանում են շարունակել ներդրումները Գնիշիկում։ Այս պայմաններում FPWC ևս զրկված է լինելու համայնքում ծրագրերի իրականացման հնարավորությունից։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031