Արցախի հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «ԱՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը որակում է գրական-գեղարվեստական ստեղծագործություն: Իսկ ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն այն համարում է երազանքների բյուջե, քանի որ, իր բնութագրմամբ, Արցախն այս քանակությամբ բյուջե չի ունեցել անգամ, երբ ՀՆԱ-ի 15 տոկոս տնտեսական աճ է ունեցել:
Արցախի խորհրդարանն այսօր քննարկեց «ԱՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը։
Մետաքսե Հակոբյանն իր բնութագրումը հիմնավորում է նրանով, որ բյուջեի նախագիծը չի արտացոլում հետպատերազմյան իրավիճակը, սահմանված չեն առաջնահերթությունները: Նա զավեշտալի է համարում նախագծում այն ամրագրումը, որ կառավարությունն է գրել՝ Արցախը դարձնել զբոսաշրջության համար գրավիչ եւ անվտանգ երկիր, մինչդեռ պատկան գերատեսչության ներկայացուցիչն այդպես էլ չի կարողացել պատգամավորների հարցերին հստակ պատասխաններ տալ՝ ինչպե՞ս են դա անելու: Պատգամավորը հիշեցնում է, որ կառավարությունը մեկ տարի ժամանակ է ունեցել երկրի հիմնական փաստաթղթի վրա աշխատելու, կասկած չունի, այն իշխող մեծամասնության քվեարկության արդյունքում ընդունվելու է, բայց հորդորում է՝ եկող տարի առավել գրագետ փաստաթուղթ ներկայացնել:
Արթուր Թովմասյանն էլ հակադարձում է՝ մեծ ֆինանսները նաեւ մեծ վերահսկողություն են պահանջում եւ այս հարցում է նա տեսնում ընդդիմության հիմնական դերը: Այս առումով նա ընդդիմության հետ է՝ պետք է վերահսկել, որ գումարները չփոշիանան, «չլափեն»: «Բայց եթե որեւէ պատգամավոր այս բյուջեին նույնիսկ ձեռնպահ քվեարկեց… Դուք պատկերացնում ե՞ք՝ սա ի՞նչ բյուջե է: Մեր հայրենակիցների՝ այսքան աշխատավարձի բարձրացում երբեւէ ես՝ խորհրդարանական այս ամբողջ գործունեության ընթացքում չեմ տեսել»,- ասաց նա՝ հավելելով, որ բյուջեի առաջնահերթությունները պետք է բխեն նախագահի նախընտրական ծրագրից՝ համապատասխանեցնելով իրավիճակին:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ անվանական քվեարկություն է լինելու, որ հասարակությունը տեսնի յուրաքանչյուր պատգամավորի արձագանքը: Պատգամավորներին էլ հորդորեց՝ ողջախոհ լինել եւ 33 կողմով ներկայանալ հասարակությանը: Նա դեմ չէ՝ թերություններ կան, բայց ասում է Արցախն էլ ինքնաբավ եւ հարուստ երկիր չէ եւ իրականությունն ընդունելով. «Տեսնենք՝ տարվա վերջին ի՞նչ Արցախ ենք ունենալու, իսկ մեր ճանապարհը մշուշոտ է»:
Պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ հստակեցրեց, որ կառավարությունը խտրական մոտեցում չի ցուցաբերել եւ չի մերժել ընդդիմադիրների առաջարկները. դրանք քննարկվել են ըստ առաջնահերթությունների եւ ռեսուրսների առկայության: Եղել են նաեւ առաջարկներ, որոնք լրացուցիչ մշակումների կարիք են ունեցել, ինչի վրա ԱՀ կառավարությունը կաշխատի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ