Կառավարության այսօրվա նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի շուկայում թուրքական ապրանքների առկայությանը, չնայած դրանց ներմուծման համար օրենքով արգելք կա, ասաց, որ քննարկել են խնդիրը, թե ինչպես կարող են ուժեղացնել շուկայի վերահսկողությունն արդեն սահմանի ներսում։
Սակայն նախարարը նշեց, որ ՊԵԿ-ն ունի որոշակի դժվարություններ ԵԱՏՄ-ից ՀՀ փոխադրվող ապրանքների վերահսկողության գործընթացում, եւ քանի որ ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքները չեն մաքսազերծվում եւ մաքսային սահման չեն անցնում, ՊԵԿ-ը լուրջ խոչընդոտներ ունի թուրքական ապրանքների մասով։
Ըստ նախարարի, այդուհանդերձ, թուրքական ապրանքաշրջանառությունը բավականին նվազել է՝ Թուրքիայից անցած տարի կամ 2019-ին ՀՀ է ներմուծվել մոտ 260 միլիոն դոլարի ապրանք, արտահանվել է 2-3 միլիոն դոլարի, այս տարի ներմուծումը մոտ տասը անգամ ավելի քիչ է, արտահանումը՝ զրո․ «Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարացնելը ճիշտ քայլ էր»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ