«Ի՞նչ եք անելու այս իրավիճակում։ Ինչպե՞ս եք ձեր աշխատանքը պատկերացնում։ Դուք ավելի վաղ էլ ասել եք, որ Հայաստանի որոշ հայտարարություններ դժվարացնում են ձեր աշխատանքը միջազգային ատյաններում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահը, մեջբերելով ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները վերադարձած գերիներին կալանավորելու մասին՝ ասել է, թե «մենք նրանց վերադարձրինք, սակայն նրանք ձերբակալեցին, եւ հնարավոր է՝ նաեւ խոշտանգեն»։
«Նույն կերպ աշխատելու ենք։ Որեւէ տարբերություն չկա մեր գործունեության մեջ։ Այսքանով կսահմանափակվեմ»,-պատասխանեց Եղիշե Կիրակոսյանը։
Թովմասյանը պնդեց, որ խնդիրը կա եւ այն պետք է արձանագրել, ապա նաեւ հարցրեց. «Ինչո՞ւ ՄԱԿ-ի միջազգային դատարանը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դրեց՝ երկու երկրների վերաբերյալ կիրառեց հայցի ապահովման միեւնույն միջոցը»։
Կարդացեք նաև
Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց․ «Մոտեցումը, որից բխում է ձեր հարցը, սխալ է։ ՄԱԿ-ի միջազգային դատարանը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան չի դրել։ Բացարձակ։ Հակառակը․ ՀՀ-ի դիմումի հիման վրա կայացրած որոշմամբ՝ դատարանը պարտավորություններ է սահմանել Ադրբեջանի նկատմամբ։ Չորս միջոց ունենք բավարարված։ Իսկ Ադրբեջանի պահանջի դեպքում մեկ միջոց է բավարարված, այն էլ՝ բովանդակային։ Եթե ասում ենք, որ հավասարության նշան է դրվել, խեղաթյուրում ենք իրավիճակը, որովհետեւ դատարանը հստակ արձանագրեց Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության, ատելության քարոզի փաստը պետական պաշտոնյաների մակարդակով, Ադրբեջանին պարտավորեցրեց քայլեր ձեռնարկել՝ մշակութային արժեքների ոչնչացումը կանխելու համար, գերեվարված անձանց մասով էլ ամրագրեց իրավունքների կարեւորությունը եւ կապն ատելության մթնոլորտի հետ։ Ադրբեջանը սուտ փաստերով ներկայացնում է, թե հաղթանակ է գրանցել։ Իրականում մենք պետք է կապիտալիզացնենք մեր աշխատանքը»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կիրակոսյանի խոսքի ավարտին ասաց․ «Դե իրենք սովորություն ունեն այնտեղից ասվածը (ենթադրաբար, նկատի ունի ընդդիմության կողմից Ադրբեջանի մոտեցումները մեջբերելը․-հեղ․) բերել այստեղ եւ շրջանառության մեջ դնել, ներկայացնել։ Չգիտեմ, թե ում է պետք է այդ բանն անելը, բայց․․․»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ