Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ Բրյուսել այցի ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումն ու պայմանավորվածությունը։
Կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադառնալով այս երկաթգծին եւ դրա տնտեսական ազդեցությանն՝ ասաց, որ պետք է հասկանալ, թե ինչ ժամանակացույցով են կառուցվելու կամ վերանորոգվելու, որովհետեւ որոշ երկաթգծերի վերանորոգման կամ կառուցման աշխատանքները շատ ավելի երկար են տեւելու․ «Եթե միաժամանակ են շահագործվելու, ապա առջեւում մի քանի տարի կա»։
Թե որքան կարժենա երկաթգծի կառուցումը, նախարարն ասաց, որ դրա հաշվարկները Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում են․ «Բայց որքան գիտեմ, շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան անցումը՝ Երասխի մոտ, այնտեղ մի քանի հարյուր մետր է։ Մի քիչ ավելի խոշոր ներդրումը դա Մեղրիի հատվածի երկաթգծի վերականգնումն է, որը բավականին ծախսատար է, քանի որ նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է եւ ճանապարհն ամբողջությամբ ապամոնտաժվել է, ճանապարհը դարձել է ավտոմեքենայի ճանապարհ։ Այստեղ կարող է նոր ճանապարհի անհրաժեշտություն լինի։ Այդտեղ հստակ նախագիծ չունենք, մոտավոր գնահատական էլ չունենք։ Խնդիրը մոտ 200 միլիոն դոլարի սահմանում կլինի։ Իսկ ավելի խոշոր ներդրումը սահմանից մինչեւ Հորադիզ արդեն Ադրբեջանի տարածքում երկաթգծի կառուցումն է, ներդրումն, իմ հիշելով, մոտ 1 միլիարդ դոլարից ավելի գումար է պահանջվելու»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ