Լրահոս
Օրվա լրահոսը

Թութունի արտադրությո՞ւնը սուբսիդավորել, թե՞ պարենային անվտանգությունը. բանավեճ ԱՀ պատգամավոր Դավիթ Գալստյանի եւ նախարար Վահրամ Բաղդասարյանի միջեւ

Դեկտեմբեր 16,2021 14:46

«Թութունի սուբսիդավորում իրականացնելով՝ մենք մեր պարենային անվտանգությունը չենք բարձրացնում»,- այսօր Արցախի հանրապետության խորհրդարանի նիստում ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանին դիմեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը:

Պատգամավորն առաջարկել է «ԱՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում սուբսիդավորել պարենային անվտանգությանը վերաբերվող ծրագրերը: Կառավարությունից պատասխանել են՝ կուսումնասիրենք այդ առաջարկի արդյունավետությունը:

Նախարարը հակադարձեց՝ թութունի սուբսիդավորման ծրագիրը մեծապես նպաստել է աշխատատեղերի ավելացմանը, թութունի արտադրությունը ձեռքի աշխատանք է պահանջում եւ գյուղական բնակավայրերում այդ ծրագիրն աշխատատեղեր է ապահովում:

Ընդդիմադիր պատգամավորը հակադարձում է՝ ոչ պակաս աշխատատեղեր կապահովվի նաեւ իր առաջարկը, կառավարությունում, պարզապես, պետք է բիզնես մտածողությունը զատեն առաջնահերթություններից:

Պատգամավորին չի բավարարում նաեւ այն, որ բյուջեից նախատեսված է 300 միլիոն դրամից ավելի գումարի տրամադրումը գյուղական համայնքներում երկարօրյայի պիլոտային ծրագրի համար, որը ներդրվել էր 2021 թվականին, այն պարագայում, երբ 2021-ին՝ տարբեր պատճառներով, դասապրոցեսի լիարժեք ապահովում չհաջողվեց եւ առաջնահերթություններն այժմ այլ են: Նա նաեւ չի հասկանում, թե ինչո՞ւ է ծրագիրը գյուղական համայնքներից սկսվում, որն առաջնային պահանջ չէ:

Արձագանքեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ ասելով, որ գյուղական համայնքներում դասապրոցեսի սահմանափակումներ չկան, համավարակով պայմանավորված սահմանափակումները գործում են Ստեփանակերտում: Միջանկյալ գնահատման արդյունքներով, Արտակ Բեգլարյանը դրական է համարում ծրագիրը՝ թե կրթական գործընթացի, թե առողջապահական՝ բարոյահոգեբանական առումով: Ծրագրի արդյունքում ծնողների զբաղվածության հարցը դեռ կգնահատվի: Նա նաեւ ընդունում է՝ քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում էլ լուծումների անհրաժեշտություն կա, քանի որ կարիքը կա:

Դավիթ Գալստյանը մնաց իր կարծիքին: Իր ելույթում արդեն պատգամավորը նկատեց՝ կառավարության դիվանագիտությունն է փոխվել միայն, քանի որ նախկինում ասում էին՝ ընդունելի չի, հիմա ասում են՝ «ընդունելի է, բայց … չգիտենք»:

Արցախի խորհրդարանն այսօր քննարկեց «ԱՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը։

Նախագիծը ներկայացրեց ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Նա ասաց, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով համավարակի եւ 2021-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի կործանարար հետեւանքները:

Ըստ նախարարի, 2021 թվականն Արցախում կփակեն ՀՆԱ-ն 236,5 միլիարդ դրամ՝ հանգեցնելով 17,3 տոկոս տնտեսական անկման՝ 5,5 դեֆլյատորի պայմաններում: 2022-ի համար կանխատեսվում է 263,7 միլիարդ դրամ ՀՆԱ եւ 8 տոկոս աճ՝ կանխատեսվող 3,3 դեֆլյատորի պայմաններում: Այս լավատեսական ակնկալիքը, ըստ նախարարի, պայմանավորված է տնտեսության վերականգնմանն ուղղված ծրագրերով: Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 3 տոկոս:

2022-ի պետական բյուջեի ծախսերն ուղղված են լինելու նաեւ բնակչության անվտանգության ապահովմանը. «2022թ․ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 184 մլրդ 300․0 մլն դրամ, ծախսերը՝ 215 մլրդ 681, 9 մլն դրամ, դեֆիցիտը կկազմի 31 մլրդ 381․9 մլն դրամ, որը կֆինանսավորվի փոխառու միջոցների հաշվին»։

2022 թվականի պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 40,3 մլրդ դրամի չափով, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 40 մլրդ դրամ, որը 2021թ․ համար պլանավորված եկամուտներից ավելի է շուրջ 2․4 անգամ, իսկ սպասվող եկամուտներից՝ 33 տոկոսով։ Կանխատեսումային հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 15 տոկոսից ավելի: Բյուջետային վարկի չափը 2022թ․ կկազմի 144 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համար հաստատված ցուցանիշի համեմատ 79 մլրդ 219․3 մլն դրամով ավելի։

Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 214 մլրդ 662,3 մլն դրամ, որը ավելի է նախորդ տարվա հաստատված պետական բյուջեի ծախսերից 63 %-ով: ՀՆԱ–ում ծախսերի մակարդակը կկազմի 81, 8 %:

2022թ․ հունվարի 1-ից նախատեսվում է աշխատանքային, սոցիալական, սպայական, շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակների 20 տոկոսով բարձրացում։ Պետական նպաստի չափերը կբարձրանան միջինը 20 տոկոսով։ Կվերանայվեն հաշմանդամ եւ զոհված զինծառայողներին տրամադրվող միանվագ տրամադրվող վճարները: Յուրաքանչյուր երրորդ երեխային՝ մինչեւ վեց տարեկան, կտրամադրվի 50 հազարական դրամ նպաստ:

2022թ․ պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծման նպատակով ԱՀ կառավարության կողմից նախաձեռնվել է նաև պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում 9-20 տոկոսի չափով, առողջապահության ոլորտում՝ 15-20 տոկոսով, կրթության և գյուղատնտեսության ոլորտներում ՝ 20-25 տոկոսով։

366,8 միլիարդ դրամ կտրամադրվի տնտեսական զարգացման ծրագրերին, էլեկտրաէներգիայի, գազի եւ կապի ծախսերի մասնակի սուբսիդավորման, այլընտրանքային էներգետիկայի զարգացման ծրագրերի համար կտրամադրվի 7 միլիարդ 800 միլիոն դրամ: 4 միլիարդ կտրամադրվի ԱՀ ներդրումային հիմնադրամին՝ բնակարանաշինության, հիպոթեկային վարկերի սուբսիդավորման եւ ձեռնարկատիրական ծրագրերի իրականացմանը: Կապիտալ շինարարության համար կտրամադրվի 34,5 միլիարդ դրամ, որը հիմնականում կնպատակաուղղվի բնակարանների ձեռքբերման, պատերազմի արդյունքում վնասված բնակարանների, կրթական եւ մշակութային օջախների վերականգնմանը, բնակարանները գույքով ապահովելուն: Մոտ 53 միլիարդ կտրամադրվի սոցիալական ոլորտին: 5,5 միլիարդի չափով էլ կտրամադրվի պատերազմի հետեւանքով բնակարանները կորցրած ընտանիքների համար բնակարանների վարձակալմանը: Կավելանան նաեւ առողջապահական ծախսերը:

8 մլրդ 451,7 մլն դրամով կավելանա նաեւ աշխատավարձերին ուղղվող գումարը: 2021-ին այն կազմել է 45 մլրդ 230․0 մլն դրամ: Մոտ երկու միլիարդ կհատկացվի մշակույթի պահպանման եւ երիտասարդության զարգացման ծրագրերին:

Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Մինչեւ դեկտեմբերի 23-ը պատգամավորները հնարավորություն կունենան վերջնական առաջարկություններ ներկայացնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031