ՀՀ մի շարք համայնքներում ընտրված ավագանիների հանդեպ իշխանության կողմից բռնաճնշումներ են իրականացվում։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«Քաղաքական ճնշումները համընկնում են այն օրերի հետ, երբ պետք է տեղի ունենան ավագանու նիստեր, որոնց ընթացքում պետք է ընտրվեն համայնքի ղեկավարները։ Հետաքրքիր զուգադիպությամբ այդ համայնքներում ՔՊ-ն չի հավաքել 50+ ձայներ։ Ախուրյան, Թալին, Գորիս, Վեդի, Բերդ, Վարդենիս, Նոյեմբերյան, Վանաձոր համայնքների մասին է խոսքը։ Սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է»,-համոզմունք հայտնեց Թովմասյանը։
Նա շարունակեց․ «Օրինակ՝ Վանաձորում Մամիկոն Ասլանյանին չէին հիշում, բայց եկավ ընտրության օրն ու ժամը, ու հիշեցին, որ նրա հանդեպ պետք է քրեական գործ հարուցել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ