Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ

Դեկտեմբեր 16,2021 14:20

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` առաջարկվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ. դպրոցի կառավարման գործընթացը բաժանվելու է երկու հիմնական մասի` ուսումնական եւ վարչատնտեսական: Նախատեսվում է նաեւ անցում կատարել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում` մինչեւ 2023 թվականը:

Մյուս փոփոխությամբ կառավարությունը մտադիր է նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը` վերանայելով չափորոշիչները, ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերը: Նպատակն է խթանել քննական մտածողությունը, նորարարությունը, վերլուծական ու ստեղծագործական հմտությունները` առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթությանը: Նախատեսվում է վերանայել գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա առարկաների եւ օտար լեզուների բովանդակությունն ու դասավանդման մոտեցումները:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել ԱԺ հաջորդ հերթական նիստերի ընթացքում, քանի որ Կառավարությունը մտադիր է վերանայել ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերը: Առաջարկն ընդունվել է:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկել են նախագծի վերաբերյալ անցկացնել խորհրդարանական լսումներ, քանի որ այն հավելյալ քննարկման եւ հստակեցման կարիք ունի: Ընդդիմադիր պատգամավորների գնահատմամբ` որպեսզի օրենքն իսկապես կենսունակ լինի` այն պետք է բոլոր շահառուների հետ քննարկել: Հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը դրական է գնահատել նախագիծը` նշելով, որ այն հանրության քննարկմանը ներկայացված է եղել դեռեւս հունիսից: Հանձնաժողովի նախագահն ու փոխնախարարը պատրաստակամություն են հայտնել շահագրգիռ անձանց հետ շարունակելու փոփոխությունների քննարկումը` հաշվի առնելով առաջարկները:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Կկազմակերպվեն նաեւ խորհրդարանական լսումներ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031