Կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ շատ անհանգստացած են գնաճի մակարդակով։
«Թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի ապրանքատեսակների նկատմամբ ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել` շաքարավազի, տարբեր տեսակի մսերի նկատմամբ, եւ դա հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերը որոշակիորեն զուսպ գնաճ ունեն»,-ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքները շարունակվում են Կենտրոնական բանկի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որպեսզի առանձին-առանձին ապրանքային խմբերում առկա գործիքակազմով գնաճը զսպեն․ «Դա կարող է լինել բեռնափոխադրումների սուբսիդավորումը, որոշակի ավելի աչալրջությամբ ուշադրություն դարձնենք տարբեր տեսակի ապրանքների մանրածախ գնագոյացման նկատմամբ»։
Ըստ նախարարի, այս տարի ունենք իրական տնտեսական աճ․ «Այն սպասածից շատ ավելի շատ է եւ դա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան 1-2 տարի առաջ»։
Կարդացեք նաև
Թե տարին տնտեսական աճի ինչ ցուցանիշով կփակվի, նախարարն ասաց՝ թվերն այնպիսին են, որ իրական տնտեսական աճը 10%-ից ավել չի լինի․ «Դա պարզ է, տարին կամփոփենք, եւ մանրամասն կասենք։ Տարբեր կանխատեսումներով 4,5-6% միջակայքում կլինի տնտեսական աճը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ