«Խայտառակ քաղաքական ռեպրեսիաներ են սկսվել բոլոր այն համայնքապետերի, ընտված ավագանիների նկատմամբ, որոնք մերժում են ՔՊ-ի հետ ցանկացած համագործակցություն»,-Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի հետ կապված՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա հրապարակեց իր ունեցած տեղեկությունները. «Ես գիտեմ, որ ՔՊ կուսակցության եւ Հայկ Մարությանի միջեւ եղել է միջնորդավորված պայմանավորվածություն, որ մինչեւ դեկտեմբեր ՔՊ-ն, այսպես ասած, հանդուրժում է Հայկ Մարությանին, դրանից հետո նա պետք է հեռանա: Կարծես թե ինչ-որ բան այն չէ այդ պայմանավորվածության մեջ, որովհետեւ ըստ խորհրդարանի կուլիսներում պտտվող տեղեկությունների, պայմանավորվածությունը տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի եւ Հայկ Մարությանի միջեւ, ըստ երեւույթին, պայմանավորվածությունը խախտվել է եւ ՔՊ-ն սկսեց ռեպրեսիաներ նաեւ քաղաքապետի նկատմամբ»:
Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ Մարությանը ՀՀ-ում ատելության խոսքի «հիմնադիրն» է եւ «սեւ ու սպիտակի» ջրբաժանի հեղինակը. «Չեմ կարող դա մոռանալ: Ինչքան էլ հիմա փորձում են հերոսացնել Հայկ Մարությանին, որեւէ կերպ չեմ կարող տեղավորվել այդ գաղափարի մեջ, որովհետեւ նախ նա Հայաստանի քաղաքական դաշտ ներմուծեց սեւ ու սպիտակի բաժանումը, որն ամենաանընդունելին է, դա դարձավ գերեզմանափոր Հայաստանի համար: Մենք դրա արդյունքում ունեցանք խայտառակ ձախողումներ: Երկրորդը՝ ես Հայկ Մարությանին չեմ համարում լավագույն քաղաքապետերից, որովհետեւ չեմ հիշում մի բան, մի հետաքրքիր կառույց, շենք, շինություն, որ կարող ենք մատնացույց անել ու ասել, որ հետհեղափոխական Հայաստանը այսպիսի փոփոխություններ բերեց»:
Կարդացեք նաև
Թագուհի Թովմասյանն ասաց, որ դատապարտում ու անընդունելի է համարում ՔՊ-ի սկսած անվստահության գործընթացը, բայց չի պատրաստվում Մարությանի նկարով շապիկներ հագնել ու ցույց անել նրա համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ