Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «ՊՇՌ թեստ կամ պատվաստում» հրամանի վերաբերյալ որոշում կայացնելու

Դեկտեմբեր 16,2021 13:46

Սահմանադրական դատարանն այսօր բանավոր ընթացակարգով քննում էր ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի հիման վրա՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ․ օգոստոսի 20-ի N 65 հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։

Նախորդ նիստին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել էր, որ դատարանը պահանջելու է ՍԴ-ին ներկայացնել շուկայում գործող թեստավորման նվազագույն և առավելագույն գները։ Բացի այդ դատարանին պետք է ներկայացվի նաեւ վիճակագրություն՝ կապված պատվաստված անձանց վարակելիության վերաբերյալ։

Այսօր դատարանում կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն իր եզրափակիչ ելույթում ասաց, որ կորոնավիրուսի դեմ պետք է անխնա պայքար մղվի, բայց դա պետք է կատարվի ոչ թե ի հաշիվ իրավունքի, ոչ թե ի հաշիվ Սահմանադրության, այլ հենց դրա պահպանմամբ։

«Այս իշխանություններն ընդունել էին, ի թիվս այլի, վիճարկվող այս հրամանը, իշխանություններն ունեն հստակ կառավարման մոդել՝ դա Սահմանադրությունը խախտելն է, մոռանալն ու անտեսելը։ Չի լինելու այդպես։ Սահմանադրությունը հստակ սահմանում է իրավունքի սահմանափակման ունիվերսալ, իրավաչափ հիմքերը։ Դրանք պետք է բացառապես նախատեսված լինեն օրենքով, հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատության պաշտպանության նպատակով»,- ասաց Արամ Վարդեւանյանը։

Նա մեջբերեց առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հարցազրույցներից մեկից մի հատված․ «Նախարարի այդ հրամանի մասով մենք էլի քննադատություններ ենք հնչեցրել, որ հրամանով չի կարելի նման պարտադրանք դնել եւ այս օրենքն է պետք, հիմա այդ օրենքն ենք բերել, որպեսզի այդ պարտադրանքը, քանի որ իրավունքները կարող են սահմանափակվել, միայն օրենքով սահմանափակենք օրենքով»։

Շարունակելով՝ պատգամավորն ասաց՝ սա կարծես լիներ ինքնախոստովանություն․ «Այս ռեֆորմը հանրությանը ոչ թե պատշաճ իրազեկելն է, ոչ թե ճշգրիտ թիրախներին հասցնելու, այլ պարտադրանքի գործիք է, կարծես որոշակի կասկած է առաջանում։ Բայց ռեֆորմը մշակողներից մեկն ասում է՝ հրամանը ունի խնդիր, եւ այն հանդիսանում է պարտադրանք»։

Վարդեւանյանի խոսքով՝ ՍԴ-ն պետք է գնահատի կորոնավիրուսի դեմ պայքարում ռեպրեսիվ գործելաոճը եւ օրինակ նշեց, որ քաղաքացուն կարող են ազատել աշխատանքից, եթե վերջինս ՊՇՌ թեստի պատասխանը ուշացնի, իսկ գործատուները, ովքեր կփորձեն ուշացումը ընկալել, կարող են դառնալ թիրախ, ուստի ՍԴ որոշումը կարող է կանխարգելել դա։ Վարդեւանյանի ներկայացմամբ՝ օրենքը չպետք է կոշտ լինի, պետք է այնպես արվի, որ գործատու-աշխատող փոխհարաբերությունները չխաթարվեն։

ՊՇՌ թեստերի գների մասին էլ Վարդեւանյանը, ներկայացնելով ԱՆ պատասխանը, նշեց՝ ասում են, որ նվազագույն հնարավորությունը արժեքի ծախսի հինգ հազար դրամ է․ «Բայց հինգ հազար դրամը կոլեկտիվ հայտերի պայմաններում է։ Մենք ունենք պատկեր, որ ՊՇՌ-ն լինում է 40 հազար դրամ, 68 նվազագույն աշխատավարձի դեպքում։ Ինչո՞ւ պետությունն այդ ծախսերը չի կատարում, պետբյուջեն ունի բոլոր հնարավորությունները դա ապահովելու։ Բայց դրա փոխարեն՝ ՀՀ քաղաքացուն նման երկընտրանքի մեջ է դնում՝ կամ պարտադիր պատվաստվիր կամ աշխատավարձը դիր ՊՇՌ-ի վրա։ Եվ սա կոչվում է ռեֆո՞րմ»։

Վարդեւանյանի ներկայացմամբ․ «Գտնում եմ, որ դիմումում ներկայացված հիմնավորումներն առավել քան բավարար են, որպեսզի բարձր դատարանը նախարարի հրամանը դիտարկի հակասահմանադրական եւ անվավեր, իսկ վիճարկվող օրենքով առնվազն իրավական դիրքորոշմամբ կսպառի եւ բացառի հնարավոր այն մեկնաբանությունները, որոնք դատարանում քննության ընթացքում լսեցինք»։

ԱԺ ներկայացուցիչն էլ իր ելույթում նշեց՝ օրենքով որեւէ հիմնական իրավունքի սահմանափակում չի նախատեսվում, հետևաբար հիմնական իրավունքի սահմանափակման հոդվածով նախատեսված չէ, վիճարկվող նյութը միանգամայն համապատասխանում է լիազորող նորմի Սահմանադրության 6-րդ հոդվածով ամրագրված որոշակիության պահանջին, օրենսդիրը այն լիազորել է առողջապահության նախարարությանը ենթաօրենսդրական նորմատիվ ակտով սահմանել նույն հոդվածով նախատեսված անհատական պաշտպանության միջոցների ցանկը, ինչպես նա սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, որի հիման վրա էլ ընդունվել է նախարարի հրամանը։

Ինչ վերաբերում է աշխատանքային օրենսգրքին եւ հանրային ծառայության մասին օրենքում վերջին փոփոխություններին, ապա, ըստ ԱԺ ներկայացուցչի, դրանցով սահմանվել են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին աշխատանքի չթույլատրելու լիազորությունների դադարեցման հատուկ հիմքեր։

ԱՆ ներկայացուցիչն էլ պատվաստման վերաբերյալ վիճակագրություն ներկայացրեց՝ պատվաստանյութի՝ ՀՀ-ում առկա լինելու օրվանից կատարվել է 1 503 468 պատվաստում, որից առաջին դեղաչափը՝ 886 474 , երկրորդը՝ 616 994․ «Այս թվերը կարող են փաստել պատվաստումային գործընթացն ապահովել է իր արդյունավետությունը, քանի որ վարակելիության թիվը նվազել է եւ սա ձեռնարկված միջոցառումների արդյունք է։ Ինչ վերաբերում է ՊՇՌ թեստի 40 հազար դրամին, ապա դա բացառապես մեկ ԲԿ-ի արագ թեստավորում է, եւ բացառապես կոնկրետ դեպքով է իրականացվում»։

Դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ դա մեկ- երկու օրվա աշխատանք չէլ, որոշումը հրապարակելուց երեկու ժամ առաջ կողմերը կտեղեկացվեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031