Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի հրամանը դուրս է սահմանադրականության շրջանակներից. Արամ Վարդեւանյան.

Դեկտեմբեր 16,2021 13:38

Սահմանադրական դատարանն այսօր շարունակեց քննել մի խումբ պատգամավորների դիմումը, որն առնչվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանին: Պատգամավորները վիճարկում են նախարարի հրամանի սահմանադրականությունը։

Հիշեցնենք, որ համաձայն նախարարի հրամանի`աշխատակիցները պետք է գործատուին ներկայացնեին կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիրը կամ 14 օրը մեկ՝ բացասական թեստ՝ հակառակ դեպքում կազատվեն աշխատանքից, գործատուին էլ պետությունը կտուգանի:

Նիստի սկզբում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հայտնեց, որ ի պատասխան ՍԴ հարցման՝ առողջապահության նախարարությունից եւ ՀՀ կառավարությունից ստացվել են տեղեկություններ եւ նյութեր։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն իր ելույթում ասաց, որ որոշումն անտեսում է Սահմանադրության պահանջները, իսկ ցանկացած սահմանափակում պետք է համապատասխանի օրենքին եւ հասարակության շահերին։

Նրա խոսքով, տվյալ դեպքում հրամանը դուրս է գալիս սահմանադրականության շրջանակներից, եւ պահպանված չէ ընդունված որոշման օրինականությունը։

«Պետք է մեր հայրենակիցներին կոմունիկացնել պատվաստումների կարեւորությունը, միանշանակ պետք է, անհրաժեշտ է, բայց այդ պայքարը պետք է կատարվի ոչ թե ի հաշիվ իրավունքի, ի հաշիվ սահմանադրության, այլ հենց դրա պահպանմամբ: Վերջին շրջանում կյանքը, իրադարձությունները ցույց են տվել, որ սահմանադրությունը խախտելով բերում ես միայն ճգնաժամ, մահեր, կորուստներ: Սահմանադրության գերակայությունը պարզապես բառեր չեն, դա հենց պետության գերակայության, կայունության երաշխիքն է»,-ասաց Արամ Վարդեւանյանը:

Նա նաեւ ասաց, որ իշխանությունները գնում են ոչ թե բացատրությունների եւ բնակչությանը տեղեկացնելու, այլ հարկադրման ուղիով։

Լրագրողների հետ զրույցում Արամ Վարդեւանյանն ասաց, որ ՍԴ որոշումը բոլոր դեպքերում առանցքային է եւ որ ՍԴ-ն միջամտության սահմանադրականությունն է գնահատելու։ Նրա խոսքով, նման հարցը չէր կարող լինել հրամանի մակարդակում, այլ պետք է լիներ բացառապես օրենքի տեսքով. «Բոլոր դեպքերում նույնիսկ օրենքի մակարդակում նախատեսված միջամտությունը պետք է լինի համաչափ եւ իրավաչափ։ Եթե ՍԴ-ն այս հարցով կայացնում է որոշում, որ այն սահմանադրությանը հակասող եւ անվավեր է, բացառապես այն հիմքով, որ օրենքով նախատեսված չէր, իհարկե էական ազդեցություն այսօրվա վիճակի վրա չի ունենա, բայց եթե ՍԴ-ն գնահատի համաչափությունը եւ իրավաչափությունը, վստահեցնում եմ, էական ազդեցություն կարող է ունենալ նաեւ պրակտիկայում»։

Արամ Վարդևանյանը հույս հայտնեց, որ Սահմանադրական դատարանն ի վերջո կանդրադառնա այն հարցին, որ պետությունը բազմաթիվ հարցերում ծախսերը կատարելու բեռը կարողանում է վերցնել իր վրա, բայց այս հարցով քաղաքացուն թողնում է միայնակ, պատային իրավիճակում. «ՊՇՌ հետազոտության ծախսը, եթե կատարի պետությունը, դրանում դժվարություն չկա»:

Պատգամավորի խոսքով, առողջապահության ոլորտի մասնագետները ավելի քիչ են խոսում պատվաստման կարեւորության մասին, քան հենց պաշտոնյաները. «ՍԴ-ն նաեւ պետք է գնահատի կորոնավիրուսի դեմ պայքարում ռեպրեսիվ գործելաոճը։ Քաղաքացուն կարող են ազատել աշխատանքից, եթե վերջինս ՊՇՌ թեստի պատասխանը ուշացնի, իսկ գործատուները, որոնք կփորձեն ուշացումը ընկալել, կարող են դառնալ թիրախ, ուստի, այսպիսով ՍԴ որոշումը կարող է կանխարգելել նաեւ դա»։

Ըստ նրա, օրենքը չպետք է կոշտ լինի, պետք է այնպես արվի, որ գործատու-աշխատող փոխհարաբերությունները չխաթարվեն։

Արամ Վարդեւանյանը նաեւ ասաց, որ, եթե պետությունը թեստավորումը նախատեսում է որպես պարտականություն, պետք է վերահսկի գների քաղաքականությունը, միջամտի. «Մենք ունենք ՊՇՌ հետազոտություններ, որոնց արժեքը 40 հազար դրամ է։ 68 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը, եթե ընկնում է այդ մեկ կլինիկայի հույսին, այդքան պետք է վճարի ՊՇՌ թեստավորման համար, դա աբսուրդ է։ 10-20 հազար դրամն էլ է առավել մեծ ծախս, որովհետև խոսքը գնում է ամսվա մեջ առավել քան երկու անգամ անելու մասին։ Եթե ինքնարժեքը 2000 դրամ է, ո՞նց կարող է այդպես դինամիկ բարձրանա։ Սա կարծես բիզնես ոլորտ լինի, որտեղ մարդիկ միլիոնատեր են դառնում մարդկանց հաշվին։ Թող պետությունը սուբսիդավորի, իրենք էլ թող դառնան, ոչ թե մարդկանց գրպանից պոկեն»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031