«Հայաստանում հայտնվել է թուրքական դիվերսանտ։ Նա կոնկրետ Երեւանում է, ավելի ստույգ՝ ԱԺ շենքում։ Հեղափոխության գլխավոր ձեռքբերումներից մեկը հայտարարված փաստը, թե ԱԺ դռները բաց են ժողովրդի առաջ, իրականում այդպես չէ։ ԱԺ դռները զոդվեցին ժողովրդի առաջ։ Օրերս ԱԺ դռները լայն բացվել են թուրքական քարոզչության ակտիվ լոբբիստ եւ ներկայացուցիչ Ժիրայր Լիպարիտյանի առաջ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր նման հայտարարություն արեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։
«Նրան իշխող խմբակցությունում ընդունելը վատ ուղերձ է առ այն, որ ՀՀ-ի համար ընդունելի են թուրքական նախապայմանները, որովհետեւ Լիպարիտյանը բաց տեքստով հայտարարել է, որ թուրքական բոլոր նախապայմանները՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում չհետապնդել, Սյունիքի միջանցք տրամադրել, պետք է բավարարի հայկական կողմը։ Այդ մարդը սեւ թուղթ է բերել ՀՀ-ի համար եւ ՀՀ-ն ուզում է վերածել սպիտակ թղթի։ Նա իր գործն է անում, թուրքական դիվերսանտ է, բայց ի՞նչ գործ ունի ԱԺ-ում։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ նշյալ նախապայմաններն ընդունելի են իշխող խմբակցության համար»,-հավելեց Անդրանիկ Թեւանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ