Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն անդրադարձել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման շուրջ պայմանավորվածությանը

Դեկտեմբեր 16,2021 12:25

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ստորև ներկայացվում է Կառավարության ղեկավարի խոսքի սղագրությունն ամբողջությամբ.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ի հերթական նիստի աշխատանքը:

Մինչ օրակարգի հաստատմանն անդրադառնալը, ուզում եմ ասել հետևյալը. տեղյակ եք և այդ մասին տեղեկացրել եմ, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը: Ուզում եմ հիշեցնել, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք համանախագահում էին երեք երկրների փոխվարչապետերը: Ըստ էության, այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Եվ, ահա, Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը, ըստ էության, այս ամեն ինչն արձանագրվեց:

Ուզում եմ ընդգծել, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն: Ադրբեջանն երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ:

Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. եթե մեզ հաջողվի որոշակի երկխոսություն սկսել և արդյունավետ երկխոսություն Թուրքիայի հետ, հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ: Այսինքն, ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի: Բայց այս ամեն ինչն ասում եմ հետևյալի համար, որ մենք պիտի սկսենք երկաթուղու շինարարությունը, իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, նախագծելու, մրցույթներ հայտարարելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու: Իհարկե, այդ աշխատանքի մի մասն արդեն իսկ արված է, բայց հիմա մենք պետք է արդեն գործնական և ամենօրյա աշխատանքով լուծենք այս խնդիրը: Իհարկե, ավելի նեղ կազմով խորհրդակցություն կանենք առաջիկա օրերին, որպեսզի ավելի կոնկրետացնենք մեր պատկերացումները՝ ժամանակացույցը, «ճանապարհային քարտեզ»-ը: Եվ, իհարկե, մեր մտադրությունն է և ցանկությունն է՝ օր առաջ ունենալ այդ երկաթուղին:

Ես չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության և նախագծի նշանակությունը, բայց մյուս կողմից՝ չեմ էլ ուզում թերագնահատել: Սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, իհարկե, հույս ունեմ, որ ճշգրիտ ձևով կիրագործենք, որն էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե, նաև քաղաքական և անվտանգային միջավայրը: Եվ մենք առաջիկայում պետք է կենտրոնանաք նաև այս խնդրի լուծման վրա:

Իհարկե, նաև տեղեկացրել եմ, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շփումները կշարունակենք՝ մեր օրակարգի հարցերի շուրջ փորձելով ձևավորել և ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ: Այսինքն՝ համաձայնեցնել և հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք առկա են:

Այսքանը՝ որպես նախաբան»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031