Կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը։
«Ադրբեջանի նախագահի հետ մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը։ Այն ձեռք էր բերվել տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում»,-ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, իսկ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանն այդ ամենն արձանագրվեց։
«Ընդգծեմ, որ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։ Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան եւ ՌԴ, Ադրբեջանը՝ Նախիջեւանի ինքնավար հանրապետություն։ Եթե մեզ հաջողվի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, արդյունավետ երկխոսություն, եւ հաջողվի հասնել սահմանի եւ հաղորդակցությունների բացմանը, այս նախագիծն ավելի մեծ ծավալ կստանա, եւ երկաթուղին Երասխից-Գյումրի գոյություն ունի, եւ Գյումրից Կարս երկաթուղի նույնպես կա, մենք պետք է սկսենք երկաթուղու շինարարությունը»,-ասաց վարչապետը, նշելով՝ մինչ բուն աշխատանքները դեռ բազմաթիվ աշխատանք կա անելու՝ նախագիծ, մրցույթ եւ այլն։ «Այդ աշխատանքի մի մասն արդեն արված է, հիմա պետք է գործնական եւ ամենօրյա աշխատանքով լուծենք սա։ Մեր ցանկությունն է՝ օր առաջ ունենալ այդ երկաթուղին։ Ես չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության եւ նախագծի նշանակությունը, բայց չեմ էլ ուզում թերագնահատել, դա մի կարեւոր պայմանավորվածություն է եւ հույս ունեմ ճշգրիտ ձեւով մենք կիրագործենք, որն էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային եւ քաղաքական եւ անվտանգային միջավայրը»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շփումները կշարունակենք մեր օրակարգի հարցերի շուրջ՝ փորձելով ձեւավորել, եւ ձեւակերպել ընդհանուր տեսակետներ եւ մոտեցումներ, այսինքն, համաձայնեցնել եւ հաղթահարել առկա տարաձայնությունները։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ