Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միայն Աստված գիտի, թե Մեծամորում էլ ինչ գաղտնիքներ ու գանձեր կան». Արա Խզմալյան

Դեկտեմբեր 16,2021 11:18

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացված «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր բացառիկ ցուցադրության մասին, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում, նշեց. «Մեծամորը առեղծված է, եւ երկար տարիներ են պետք Մեծամորում գտնված արժեքների գիտական մեկնաբանման, ինչպես նաեւ հետագա պեղումներն իրականացնելու համար: Միայն Աստված գիտի, թե Մեծամորում էլ ինչ գաղտնիքներ ու գանձեր կան: Ընդհանուր առմամբ, գաղափարը այս եւ նախորդ միջոցառումների, հետեւյալն է՝ տեղեկատվական արշավը, հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում:

Լուսանկարը՝ ԿԳՄՍ-ի

Օրեր առաջ էլ Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանում բացեցինք «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացրինք չափազանց արժեքավոր գտածոներ, վաղ բրոնզե դարի «կուր-արաքսյան» մշակույթը ներկայացնող նմուշներ՝ Հայաստանի պատմության թանգարանից և Արմավիրի մարզի Շահումյան համայնքում այս տարի հայտնաբերված դամբարանից, որն իր տեսակով առաջինն է Հայաստանի տարածքում:

Դրանք բացառիկ արժեքներ են, որոնք հնագետները բարձր են գնահատում, ասում են, որ նման ծավալի վաղ բրոնզե դարի գտածոներ չեն եղել… Այդ ցուցահանդեսն էլ իրականացվել է ԿԳՄՍ նախարարության, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ ու Հայաստանի պատմության թանգարանի եւ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ»,-ասաց նախարարի տեղակալը:

«Մենք հաճախ ենք ականատես լինում մեր մշակութային արժեքների, հուշարձանների հանդեպ վերաբերմունքին: Ունենք հսկայական մշակութային ժառանգություն եւ հուշարձաններ, իսկ խնդիրների ծավալն այնքան մեծ է, որ միայն պետական վերահսկողական մարմինների մեխանիզմների միջոցով չենք կարող երաշխավորել դրանց լիարժեք անվտանգությունը, քանի դեռ երաշխավորված չէ ամենաստուգված ճանապարհը՝ մեր գիտակցությունն ու հոգատարությունը:

Քանի դեռ չենք ճանաչում մեր արժեքները, քանի դեռ բնակիչը չգիտի իր համայնքի գանձերի, հուշարձանների մասին՝ որեւէ մեխանիզմ չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը: Մեր առաջնահերթությունն է՝ բարձրացնել այդ արժեքների ճանաչելիությունըլ, մարդն իմանա, թե ինչի է ինքը տիրապետում, եւ պատրաստ լինի պատասխանատվություն կրել այդ ամենի համար: Ինչպես արդեն նշեցի, նման ցուցադրություններն ունեն այդ նպատակը՝ լուսաբանել, հնագիտական եւ մշակութային յուրաքանչյուր բացահայտում դարձնել հանրային սեփականություն: Մտադիր ենք նման միջոցառումների շարք իրականացնել, հուսամ՝ ամեն ամիս նման մեկ միջոցառում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031