Լրահոս
Օրվա լրահոսը

Պիտի ապրել, չմոռանալով տունդարձի ճամփան, տան բանալիները երբեք «Արազը չածել»

Դեկտեմբեր 16,2021 14:00

Շաղատեցի զոհվածների մասին նյութերը պատրաստելիս գյուղի վարչական ղեկավար Տիգրան Խաչատրյանը հուշեց, որ Շաղատում է ապրում նաեւ արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Ռուբեն Արշակյանի ընտանիքը: Ինձ համար որեւէ տարբերություն չկար` հայրենյաց զոհը զոհ է, լինի` Շաղատից, Սիսիանից, թե` Արցախից, ու որոշեցի հանդիպել նաեւ նրա ընտանիքի անդամներին, զրուցել նրանց հետ եւ գրել նաեւ հայրենիքի նահատակ Ռուբեն Արշակյանի մասին:

Ռուբեն Արշակյանի կինը` Սուսաննա Իսրայելյանը պատմում է, որ ինքը ծնունդով Սիսիանի Լեռնաշեն (այժմ` Շենաթաղ) գյուղից է, իր ընտանիքը 90-ականներին Սիսիանից տեղափոխվել է Արցախ, տնավորվել են, ապրել, արարել, ստեղծել, տուն ու տեղ դրել: 2006-ին ամուսնացել է Մասիսից Հադրութի շրջանի Հայկավան գյուղ տեղափոխված Ռուբեն Արշակյանի հետ, ունեցել են 5 աղջիկ: Արշակյանները Հայկավանի առաջին բնակիչներն էին, այնտեղ էին տեղափոխվել ողջ ընտանիքով` ծնողները, երկու քույրը, եղբայրը, ինքը, ովքեր հետագայում ընտանիքներ են կազմել, յուրաքանչյուրն ունեցել 5 երեխա եւ ապրել են իրենց ամենօրյա, առօրյա կյանքով, պահել-մեծացրել երեխաներին:
Ռուբենը 2014-ին պայմանագրային ծառայության է մտել Ջրականի զորամասերից մեկում, մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին, դրանից հետո Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայում վերապատրաստվել դիպուկահարների եռամսյա դասընթացներում եւ հմուտ դիպուկահարի կոչումով շարունակել իր ծառայությունը հայրենիքին:

«Սեպտեմբերի 27-ի գիշերը երկնքում հրթիռներ անցան, մատածեցինք` զորավարժություն է, ու ձայները Ջրականից հասնում են մեզ, բայց Ռուբենը եւ տղաս` Վահեն, ժամը յոթն անց կեսին արդեն Ջրականում էին, իմացան, որ հիվանդանոցներում վիրավորներ կան, անգամ` զոհեր: Մեզ ասացին` երեխաներին շտապ հանենք գյուղից` Հայկավանից, քանի որ լայնմասշտաբ պատերազմ է: Գիշերով մեքենա գտանք, մենք, մի 40 երեխա տեղավորվեցինք մեքենայի մեջ եւ սեպտեմբերի 28-ին հասանք Սիսիան: Սկզբում մնացինք եղբորս տանը, բայց քանի որ շատվոր էինք, եղբորս աղջիկը Շաղատում գտավ այս տունը, դեկտեմբերի 20-ին տեղափոխվեցինք այս տուն ու ապրում ենք վարձով»,- ասում է Սուսաննայի մայրը` տիկին Անահիտը, հետո ավելացնում, որ այս վայրերը իրեն հարազատ են ու սիրելի, քանի որ ինքը հարեւան` Անգեղակոթ գյուղի ծնունդ է, ամուսնացել է Լեռնաշենում, հետո ամուսնու, երկու տղաների եւ դստեր հետ 90-ականներին վերաբնակեցվել Արցախում:

«Ռուբոն զանգում, խոսում էր, ասում էր` թեժ կռիվներ են, լավ է լինելու, բայց շատ էր անհանգստանում երեխաների համար, վերջին անգամ խոսեցինք հոկտեմբերի 27-ին, դրանից հետո լուր չենք ունեցել: Ավելի ուշ` նոյեմբերի 2-ին ենք իմացել, որ զոհվել է հոկտեմբերի 28-ին: Ռուբոն վիրավորվել էր ձեռքից եւ ոտքից, ընկերներն առաջարկել են մյուս վիրավորների հետ ինքն էլ հեռանա դիրքերից: Վիրավորներ տեղափոխող շտապօգնության երեք մեքենաներից մեկի վարորդը զոհվել էր, Ռուբոն ինքն է նստում երրորդ մեքենայի ղեկին: Կարմիր Շուկայում իրար ետեւից գնացող առաջին մեքենան անցնում է, բայց աթս-ն հարվածում է երկրորդ եւ երրորդ մեքենաներին, ու Ռուբենը զոհվում է: Մեկ շաբաթ փնտրելուց հետո նրա աճյունը գտանք Եղեգնաձորի դիահերձարանում: Ռուբենի եղբոր ցանկությամբ` նրան հուղարկավորեցինք Եռաբլուրում»,-ասում է Ռուբեն Արշակյանի կինը` Սուսաննա Իսրայելյանը:

Հինգ աղջիկներին մեծացնելուն օգնում են Սուսաննայի մայրը եւ հայրը, որ նրա հետ ապրում են Շաղատի այս նույն տանը: Երեխաները դպրոց են գնում: Մեծը` Գայանեն, 14 տարեկան է, փոքրը` Լիաննան` 7: Նրանք մեկ տարի է` առանց հայրիկի են, բայց միշտ հիշում են նրան, հաճախ են այցի գնում նրա գերեզմանին:

«Լիաննան դեռ 6 տարեկան էր, մի օր ասաց` մամ, որ շուտ քնեմ, երազում պապայիս կտեսնե՞մ: Միջնեկը` Թամարն էլ մի օր հիշել էր հայրիկի գնած կոշիկները, որ էդպես էլ չհագավ` ասելով` պապայիս առած կոշիկները մնացին էնտեղ… Ամեն շոր հագնելիս ասում են` սա պապաս է առել, էն մյուսը պապաս է առել… Ռուբենը լավ խոհարար էր, գյուղի մեծ արարողությունների ճաշերը ինքն էր պատրաստում, ինչքան էլ համեղ պատրաստեմ, ինչ էլ պատրաստեմ, ասում են` պապաս ձուկը էսպես էր սարքում, պապաս ճաշը ավելի համով էր սարքում, պապայիս սարքածն ուրիշ էր… Դժվար է երեխաների համար, բոլորիս համար: Բայց էսօր ես, իմ ծնողները, Ռուբենի հարազատները մի կարեւոր խնդիր ունենք` պահել, մեծացնել, իրենց նպատակներին հասցնել մեր 5 աղջիկներին, ապագա 5 հայ մայրերի, որ Ռուբենի հոգին էլ հանգիստ լինի երկնքում»,- ասում է 34-ամյա Սուսաննան:

Նրա մայրը` Անահիտն ավելացնում է, որ հոկտեմբերի 28-ին Երեւանում նշել են Ռուբենի զոհվելու մեկ տարին` ինչպես ընդունված է հայկական ավանդական բոլոր օջախներում, հետո մի ուրիշ երախտագիտությամբ շեշտում, որ տարելիցին մասնակցել են իրենց կորուսյալ գյուղի` Հայկավանի հարեւանները, գյուղապետը, քարտուղարը, անգամ` կողքի գյուղի ծանոթները, որոնք այսօր իրենց տունը-տեղը, գյուղը, տարիների արած-դրածը կորցրած` սփռվել են Հայաստանի տարբեր բնակավայերում, եւ Թալինից, Մասիսից, Երեւանից եկել էին խնկելու իրենց նահատակ Ռուբեն Արշակյանի հավերժ հիշատակը…

Սա էլ մի ուրիշ ցավ է… անդարման, անանուն ցավ: Տնազուրկ, հայրենազուրկ, ընչազուրկ, տան կերակրողին, տան սյունը կորցրած որքա՜ն ընտանիքների բաժին ընկավ այս անմարդկային տառապանքը: Բայց պիտի ապրել, ապրել ու ապրելով վրեժխնդիր լինել` երբեք չկորցնելով տունդարձի հույսը, չմոռանալով տունդարձի ճամփան, տան բանալիները երբեք «Արազը չածել…»:

Հարցնում եմ նրանց հետագա ծրագրերի, նպատակների, Արցախ վերադառնալու մտադրության մասին: Մի քիչ երկար մտածելուց հետո Սուսաննան ասում է` գուցե էլ չգնան, բայց լսելով իմ` գնացեք, անպայման գնացեք եւ ձեզանով շենացրեք Արցախը հորդորը, մտքափոխված ասում է` տուն ստանանք-կգնանք, ապա տեղեկացնում, որ Արցախում իրենք հաշվառված են նոր տուն ստացողների ցուցակներում ե՛ւ որպես զոհվածի, ե՛ւ որպես բազմազավակ ընտանիք: Ստեփանակերտում զոհվածների եւ տունը կորցրածների համար կառուցվող բնակարաններից իրենք էլ տուն կստանան: Թղթերն արդեն ուղարկել են, սպասում են զանգի: Մաղթանքս է` բարով գնան, շուտ գնան, տուն գնան: Տունը հայրենիքն է, ու նա սպասում է իր զավակներին:

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

Հ.Գ. Մեր պատերազմը չի ավարտվել: Հիմա մեր ապրելու «պատերազմն է», վերընձյուղվելու «պատերազմը», սեփական ձեռքը սեփական ծնկանը դնելով` բարձրանալու «պատերազմը», մեր տանջահար ու բազմաչարչար հոգին ամոքելու դժվարին «պատերազմը», մեր տունը ամուր հիմքերի վրա կառուցելու «պատերազմը», մեր հաղթելու «պատերազմը»:

«Առավոտ» օրաթերթ
15.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031