Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ավագյան. «Քաղաքականությամբ զբաղվելը լուրջ գործ է, ես ընդամենը իմ հայրենիքն եմ սիրում ու պաշտպանում…»

Դեկտեմբեր 16,2021 13:30

Մշակութային կյանքով եռուն Երեւանից հեռու է ապրում մեր զրուցակիցը՝ գեղանկարիչ Աշոտ Ավագյանը։ Ապրում ու ստեղծագործում է ծննդավայրում՝ Սիսիանում, որը կարծես մոնումենտալ քարե կտավ լինի, որի վրա մարդկային միտքը վաղնջական ժամանակներից ծածկագրված հետքեր է թողել։ Իսկ ընդհանրապես, Սյունիքի մարզում մշակութային շերտերը հաշվվում են սկսած 5-րդ հազարամյակով թվագրվող ժայռային արվեստից մինչեւ 19-րդ դարի կարպետներն ու փայտարվեստը։

Դիտելով Աշոտ Ավագյանի աշխատանքները, կարելի է ոչ թե ենթադրել, այլ միանշանակ փաստել, որ նրա արվեստի հիմքում հենց այդ շերտերն են։ Գեղանկարչի որոշ գործընկերներ խոսելով Ավագյան ստեղծագործողի մասին, նշում են միայն իրեն հատուկ ձեռագիրը։ Ասում են, որ վերջին քսան տարիներին մեզանում առանձնակի տարածում գտած մոդեռնիստական, պոստմոդեռնիստական ու նման ժամանակակից ուղղություններից շա՜տ հեռու են գեղանկարչի գործերը։ Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Արթնանում ես ու հաղորդակցվում Սյունյաց ժայռապատկերներին, միջնադարյան պատկերաքանդակներին, դրանցից ավելի մոդեռն, ժամանակակից արվեստ չեմ ճանաչում։ Այն, ինչն արժեք ունի՝ հուզում է մարդկանց։ Հենց դա էլ մոդեռն է կամ ժամանակակից»։

Դիտարկմանը, թե ոմանք էլ պնդում են, որ ինքն իր ձեւամտածողությունը վերարտադրելու համար դիմում է պոստմոդեռնիստական մոտեցմանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարող է պատահել, չեմ բացառում։ Հնարավոր է։ Եթե դա ասում են մասնագետները կամ ընդհանրապես մարդիկ, ուրեմն էդ պոստմոդեռնիստականից ինչ-որ տարր կամ տարրեր կան։ Բայց երբեք ես չեմ դիմել այդ ու նման հոսանքներին։ Ինձ համար գլխավորը ինքնուրույն ձեռագիրն է։ Իսկ աշխատանքներիս ելակետային հիմքը նախամարդուց սկսած մինչեւ այսօր այն հարուստ տարածքն է, որտեղ ես ապրում եմ»։

Արվեստասեր հանրությանը Աշոտ Ավագյանի անունը ծանոթ է 2000-ականների սկզբից. նա քանիցս հանդես է եկել աշխատանքների անհատական ցուցադրություններով, իսկ խմբակային ցուցահանդեսներով գեղանկարչի աշխատանքները եղել են Կանադայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Շվեյցարիայում եւ այլն։ Նրա գործընկերները Աշոտ Ավագյանի ստեղծագործություններում մի բան էլ առանձնացրին, շեշտելով, թե դրան չենք հանդիպի ոչ մի այլ արվեստագետի գործերում, այն է՝ նրա աշխատանքներում կյանքն ու մահը վերարտադրված են նմանատիպ։ Այդ առիթով գեղանկարիչն ասաց. «Շնորհակալ եմ ընկերներիս՝ նման վառ հիշողության համար։ Նրանք հավանաբար նկատի ունեն 2006 կամ 2007 թվականի աշխատանքներիցս մեկը, որտեղ փորձել եմ ընդամենը ներկայացնել մահվան ծեսը՝ զուգահեռելով կյանքի հետ։ Տեսեք ինչպես է հայերիս մոտ. մահվան տարելիցին հուշաքար ենք դնում, վրան մակագրություն անում՝ ամեն ծնվողի հետ նա ծնվել ու ամեն մահացողի հետ նա մահանալու է, յուրաքանչյուր մահ առաջինի կրկնությունն է լինելու, յուրաքանչյուր ծնունդ առաջինի կրկնությունն է։ Եվ այսպես ամեն ինչ կրկնվում է…»։ Մեր հետաքրքրությունը՝ նման հուշաքար կա՞, թե՞…, մնաց անպատասխան։

Անդրադառնալով արվեստագետի կտավներին, դարձյալ մտաբերելով գեղանկարչի ընկերների խոսքը, ասենք, որ դրանք կրում են հուշարձանների ու միջնադարյան գերեզմանաքարերի պատկերների ազդեցությունը եւ հաճախ ներկայացնում են մի քանի տարրեր՝ մարդկային ֆիգուրներ, կենդանիներ, պարզ երկրաչափական պատկերներ, որոնք ստեղծում են այնպիսի պարզ տեսարաններ, ինչպիսիք են ծնունդը, մահը, տոները եւ այլն։ Այդ պատկերների մտացածին պարզությունը դիտողին կարծես անհարմար կացության մեջ է դնում, կարծես ստիպելով ջանք չթափել դրանց վրա։ Մենք էլ համակարծիք ենք. այստեղ վերաիմաստավորելու քիչ բան կա, քանի որ այդ նշանները համարյա արգելակում են մեկնաբանությունները, վերլուծական միջոցները դարձնելով անօգուտ։ Վստահ ենք՝ գեղանկարիչն էլ համակարծիք կլինի մեր դիտարկմանը, թե ինքը փորձում է վեր հանելով հակադրությունները, կապ հաստատել տիեզերական կոչվող ֆենոմենի հետ՝ դրա հետ կապելով ժամանակակից մարդուն։

Ի դեպ, ըստ մեր հավաստի տեղեկության, արվեստագետը ստեղծագործական գործունեությանը զուգահեռ զբաղվում է քաղաքականությամբ, հայրենիքի պաշտպանությամբ։ Սակայն Աշոտ Ավագյանն ընդամենն ասաց. «Քաղաքականությամբ զբաղվելը լուրջ գործ է, այն, ինչպես յուրաքանչյուր աշխատանք, պահանջում է մասնագիտական գիտելիքներ։ Ես ընդամենը իմ հայրենիքն եմ սիրում ու պաշտպանում…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031