Լրահոս
Օրվա լրահոսը

«Գտնված երազը»՝ Խամաճիկների թատրոնի բեմում

Դեկտեմբեր 16,2021 13:00

Երեւանի Խամաճիկների պետական թատրոնում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ հասարակության կողմից սիրված Դիլաքյան եղբայրների «Գտնված երազ» հեքիաթի առաջնախաղը՝ Լիլի Էլբակյանի բեմադրությամբ։

Հեքիաթը պիեսի վերածելու աշխատանքը թատրոնի ստեղծագործական թիմը վստահել է գրող, դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանին:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց՝ չէր պատկերացնում, որ օրերից մի օր ստեղծագործական իմաստով առնչություն կունենա իր մանկության ամենասիրելի մուլտֆիլմի` «Գտնված երազի» հետ:

«Մեծ պատասխանատվությամբ էի մոտենում աշխատանքին, քանի որ գործ ունեի շատ սիրված, նաեւ կարելի է ասել` լեգենդար մուլտֆիլմի հետ: Եվ քանի որ մուլտը 9 րոպե է, իսկ մանկական ներկայացումն առնվազն պետք է 40-50 րոպե տեւի, աշխատանքի ընթացքում զգացի, որ իմ դերը զուտ արձակը պիեսի վերածելու գործընթացից վերաճեց ավելի շատ ստեղծագործողի, կամ կարելի է ասել` համահեղինակի, քանի որ գրվեցին նոր տեսարաններ, նոր սյուժետային գիծ մտավ եւ նոր հերոս հայտնվեց` Մռռան կատուն, որն էլ պատմում է ամբողջ հեքիաթը»,-մեզ հետ զրույցում ասաց Անուշ Ասլիբեկյանը:

Անդրադառնալով բեմականացման գերխնդրին, նա նշեց, որ նպատակ են ունեցել չշեղվել բուն մուլտֆիլմի գեղագիտությունից եւ առկա յուրահատուկ մթնոլորտից:

«Աշխատանքային ընթացքը երկարատեւ էր եւ բարդ: Պիեսի մի քանի տարբերակ ստեղծեցինք, եւ երբ թվում էր, թե գտել ենք այն, ինչ ուզում էինք, ոգեւորված գնում էինք տուն, անցնում էին շաբաթներ, հետո ինքներս մեր դրած խնդիրները հերքում էինք եւ ամեն ինչ սկսում զրոյից: Սա ինձ համար արտասովոր, բայց միեւնույն ժամանակ բացահայտումներով լի հետաքրքիր աշխատանք էր, քանի որ Խամաճիկների թատրոնն ունի իր յուրահատկությունը եւ այս աշխատանքը շատ էր տարբերվում մինչ այս ունեցած տարբեր ռեժիսորների հետ իմ փորձառությունից»,-զրույցի ընթացքում ասել է Անուշ Ասլիբեկյանը:

Ինչպես իր խոսքում նշեց դրամատուրգը, ամբողջ պատմությունը պատմում է Մռռան կատուն, որը նաեւ հրաշագործ է: Նա ընտրում է քաղաքի բազմաթիվ պատմություններից մեկը եւ որոշում հանդիսատեսին պատմել:

Պիեսը նաեւ հագեցած է ուսուցողական տեսարաններով: Անուշ Ասլիբեկյանը նշում է. «Մենք այսօր շատ ենք հանդիպում, թե ինչքան հակագեղագիտական եւ տգեղ իրականություն է մեր երեխաներին հեռուստացույցով մատուցվում: Այս ներկայացմամբ փորձել ենք հանդիսատեսին հասցնել բազմաթիվ ուղերձներ»:

Ներկայացման բեմանկարիչն է Գարեգին Եվանգուլյանը, որի շնորհիվ ներկայացումը հագեցած է հետաքրքիր հնարանքներով եւ լուծումներով։

Նաեւ օգտագործվել են բազմաթիվ անիմացիաներ, որոնք մեծ գրավչություն են հաղորդել «Գտնված երազին»։

Նշեմ, որ ներկայացման ընթացքում հնչում են Ռուբեն Հախվերդյանի երգերը` ինչպես մուլտում տեղ գտած, այնպես էլ նրա մյուս սիրված ու ճանաչված երգերից հատվածներ։

Անուշ Ասլիբեկյանը նաեւ նշեց, որ Էլբակյանների ընտանիքի հետ աշխատելը մեծ երանություն է, եւ շնորհիվ Լիլի Էլբակյանի վառ երեւակայության, մանուկներին հեքիաթ պարգեւելու մեծ ունակության եւ էսթետիկական բարձր ճաշակի, կարողացան երկրորդ կյանք տալ այս հեքիաթին։ Դատելով հանդիսասրահում ներկա մեծ ու փոքր հանդիսատեսի արձագանքից, կարելի է փաստել, որ ներկայացումը ջերմ ընդունելություն ունեցավ եւ այն հետաքրքիր կլինի տարբեր տարիքի հանդիսատեսի համար։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031