Աշխարհի ամենաերիտասարդ մարզաձեւերից մեկը՝ թեքբոլը, արդեն ավելի քան երկու տարի Հայաստան է բերել աշխարհահռչակ հայազգի մարզիկ Յուրիկ Սարգսյանը:
2019թ.-ին հիմնադրված Հայաստանի թեքբոլի ֆեդերացիայի նպատակն է Հայաստանում զարգացնել եւ մասսայականացնել այս մարզաձեւը: Հիմնադրումից ի վեր՝ ֆեդերացիան անցկացրել է մի շարք միջոցառումներ: Համագործակցելով Հայաստանում առաջատար ծրագրավորող ընկերություններից մեկի հետ՝ Ֆեդերացիան այժմ կազմակերպում է շաբաթական պարբերականությամբ մրցաշար` «Teqball Series»:
«Մենք վստահ ենք, որ Հայաստանում թեքբոլի համար լավ նախադրյալներ կան, քանի որ Հայաստանում սիրում են ֆուտբոլը, իսկ թեքբոլը որոշակի առումով դրան կապված մարզաձեւ է: Թեքբոլի համար պահանջվում է տեխնիկա, իսկ հայ ֆուտբոլիստներն ավանդաբար աչքի են ընկել դրանով»,- ասում է Հայաստանի թեքբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արսեն Թավադյանը:
Կարդացեք նաև
Նա նշում է, որ մարզաձեւի զարգացման ընթացքում հանդիպում են բազմաթիվ խնդիրների, որոնցից հիմնականը ֆինանսական միջոցների սղությունն է ու հարմար մարզադահլիճների սակավությունը:
«Ամեն դեպքում, մենք փորձում ենք հաղթահարել այս դժվարությունները եւ գալիք տարում, գործընկերների աջակցությամբ, պլանավորում ենք անցկացնել մի քանի մրցաշար, այդ թվում` Հայաստանի առաջնությունը, ինչպես նաեւ մասնակցել միջազգային մրցումների: Հաջորդ տարի պլանավորում ենք նաեւ կազմակերպել համատեղ մարզումներ, մրցումներ հարեւան երկրների հավաքականների հետ»,- ասում է նա:
2014թ.-ին Հունգարիայում հիմնադրված այս մարզաձեւն իր մեջ միավորում է ֆուտբոլի, սեղանի թենիսի եւ վոլեյբոլի տարրեր: Այն խաղում են հատուկ նախագծված սեղանների վրա` օգտագործելով մարմնի բոլոր մասերը՝ բացառությամբ ձեռքերի: Չնայած այն բանին, որ մարզաձեւը նոր է, այն հասցրել է բավական տարածում ստանալ աշխարհի տարբեր ծայրերում` Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկայում:
Մ. Թ.
«Առավոտ» օրաթերթ
15.12.2021