Ասում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր Վահան Խաչատրյանը
– Մեր զրույցը սկսենք երեւանյան հյուրախաղերից: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտել «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը՝ Ստեփանակերտի թատրոնի դերասանների մատուցմամբ…
– Եռօրյա հյուրախաղերով Երեւանում էինք: Իրականում շատ գոհ եմ հանդիսատեսից ու իմ դերասանակազմից: Այն մեսիջը, ինչ ուզում էինք հասցնել, հաջողվեց: Այն ծանր խնդիրը, որը դրված էր դերասաններիս առաջ, փայլուն են կատարել: Նաեւ ցանկանում եմ նշել, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմը՝ տնօրեն Էմին Թորոսյանի գլխավորությամբ, շատ ջերմ ընդունեց մեզ, որի համար շնորհակալ եմ: Շատ թատերական գործիչների վերաբերմունք անսպասելի էր: Օրինակ, Թատերական գործիչների միությունից, որ 10 հրավիրատոմս էին ուզել, գեթ մեկ հոգի չներկայացավ: Ինչ ասեմ, երեւի ավելի կարեւոր գործեր կար, չգիտեմ:
Նաեւ նշեմ, որ հյուրախաղերից առաջ մի շարք պայմանավորվածություններ ենք ունեցել՝ կոնկրետ մարդկանց հետ: Անկեղծ ասած՝ շնորհակալ եմ ճակատագրիս, որ եւս մեկ անգամ ճանաչեցի կարեւորագույն դեր ունեցող մարդու ոչ տղամարդ լինելը, դատարկախոսությունը, կենացասիրությունը:
– Տարին ավարտվում է: Այս դժվար ամիսներին ի՞նչ է հասցրել անել թատրոնը:
Կարդացեք նաև
– Վահրամ Փափազյանի անվան թատրոնն այս մեկ տարվա ընթացքում հանձնել է երեք առաջնախաղ՝ «Ալվան ծաղիկ»՝ Քաջիկ Հարությունյանի բեմադրությամբ, «Երկնքից երեք խնձոր ընկավ»՝ Կարինե Քոչարյանի բեմադրությամբ եւ վերջինը՝ «Հրեշը լուսնի վրա» դրաման՝ իմ բեմադրությամբ, սակայն զրո դրամ աջակցությամբ: Ես հասկանում եմ, որ շատ տարօրինակ է հնչում, բայց ինձ բախտը ժպտացել է, որ թատրոնում ունեմ ադմինիստրատիվ այնպիսի կազմ՝ տնօրեն Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, որոնք ստեղծել են այդ ամեն ինչը: Նրանք արեցին ամեն ինչ, որ ներկայացումն ունենա իր ուրույն տեղն ու հաջողության հասնի: «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը ստեղծվել է Փափազյանում՝ փափազյանցիների կողմից: Ես կարճ
ժամանակում իրենց շնորհիվ դարձա իրենցից մեկը: Այս կազմով մեզ ոչ ոք չի կարող խոչընդոտել:
– Իսկ հիմա խոչընդոտո՞ւմ են:
– Այո, հիմա խոչընդոտում են: Գիտե՞ք, մի շատ կարեւոր փաստ կա: Երբ մեր հարեւան թշնամի պետության բռնապետը հայտարարում է, որ չկա Արցախի հարցը, մենք իրեն պատասխանում ենք երեք առաջնախաղային ապտակով: Այս երեքն ապացույց են, որ մենք կանք, գոյություն ունենք:
Մեր ասելիքն առաջնագծում ուրիշ է եւ կարեւոր:
– Նոր ներկայացումներ նախատեսո՞ւմ եք:
– Դժվարությամբ, բայց այո, չպետք է կանգ առնենք: Այս պահին աշխատում ենք «Մատնաչափիկը» մանկական ներկայացման վրա: Իմ համոզմամբ՝ հեքիաթը մանուկների համար պետք է շարունակվի: Նաեւ մեկ այլ ներկայացում ենք նախատեսում, որի գրական հիմքը Էդուարդ Զորիկյանի «Անմահների երկիրը» պիեսն է, որը փոփոխությունների ենթարկելուց հետո դարձրել ենք «Անմահների դիրքը»: Չեմ ուզում փակագծեր բացել, բայց դա այն տղաների մասին է, որոնց անունը փորձում են մոռանալ: Այո, որ ասում եմ՝ մենք շարունակում ենք կռիվ տալ բեմում եւ բեմից դուրս այն պիղծ երեւույթների դեմ, որոնք փորձում են մոռացության տալ մեր Մոնթեին, Վազգենին, բոլորին, ովքեր իրենց կյանքի գնով պահել են մեր հայրենիքի ամեն մի միլիմետրը:
Բացի այս ներկայացումներից մենք պլանավորում ենք բեմադրել դասական կատակերգություն, որովհետեւ թատրոնը թատրոն է դարձնում դասական ներկայացումները: Եվ հետո, այս դերասանական բարձրարժեք կազմը, որ ունի Փափազյանի թատրոնը, չես կարող չօգտագործել լուրջ դասական գործերում: Եվ ինձ համար, որպես բեմադրիչ, երջանիկ եմ, որ աշխատում եմ նման դերասանների հետ, որոնք հայրենիքն իրենց մեջ են կրում…
– Տարակարծություններ կան, թե ինչու է Ստեփանակերտի թատրոնում հետպատերազմյան շրջանում բեմադրվել «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը:
– Նախ ասեմ, որ «Հրեշը լուսնի վրա» ծանր ներկայացում չէ, այլ հակառակը՝ լուսավոր ներկայացում է՝ ապագայի հայացքով, պայքարի ու տեսակի մասին ներկայացում է: Գիտակից հանդիսատեսը կփաստի: Իսկ ես ցավում եմ, որ արվեստում «ղդիկ տալու» տեսարաններով են ոմանք հրճվում, որը էժանագին երեւույթների մասին է խոսում:
– Եվ որպես այսօրվա զրույցի վերջաբան՝ ի՞նչ ունեք հավելելու…
– Մենք միեւնույն է՝ շարունակելու ենք աշխատել: Ճիշտ է, մեր հարեւան թշնամի արհեստածին պետությունը սեփականաշնորհում է մեր մշակույթը եւ միլիարդներով ներդրումներ անում, որպեսզի ներկայացնի որպես սեփականություն, մենք մեր արվեստով շարունակելու ենք պայքարը՝ մինչեւ հաղթանակ: Սակայն միշտ մի հարց է տանջում՝ մենք ո՞ւմ դեմ ենք պայքարում՝ արտաքի՞ն, թե՞ ներքին թշնամիների դեմ: Մեր փոքր ազգի համար ներսի թշնամիներն իրականում շատ են:
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
15.12.2021