Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը մեծացրեց ՀՀ կախվածությունը ՌԴ-ից, Սերժ Սարգսյանը դրսեւորեց առավել ճկուն դիրքորոշում. «Սպիտակ թուղթ»

Դեկտեմբեր 16,2021 14:30

Սկիզբը՝ այստեղ:

Հավելված Ա. Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի բանակցային դիրքորոշումների համառոտ ակնարկ

Ստորեւ կներկայացվի վերջին 30 տարվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության եւ հարեւան երկրների հանդեպ Հայաստանի ղեկավարների դիրքորոշումների ամփոփագիրը:

1991թ. – փետրվար 1998: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին հարեւան երկրների հետ խաղաղ եւ բնականոն հարաբերությունների հաստատումը առանցքային է Հայաստանի ազգային անվտանգության, տնտեսական զարգացման եւ ինքնիշխանության պահպանման համար: Ադրբեջանի հետ հակամարտությունը պետք է լուծել իրատես (pragmatic) եւ իրապաշտական նկատառումներից ելնելով, քանի դեռ Հայաստանը գտնվում է համեմատաբար ուժեղ դիրքում: Ըստ այս դիրքորոշման, որքան երկար հայկական կողմը սպասի փոխզիջումների վրա հիմնված համաձայնության, այնքան քիչ կստանա. ուժերի հավասարակշռությունն, ամենայն հավանականությամբ, կփոխվի, եւ պատերազմը կդառնա ավելի հավանական՝ առանց հայկական նոր հաղթանակի հանդեպ վստահության: Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող էր եւ պետք է հետաձգվեր, քանի որ անհնար է այդ հարցում այդ պայմաններում համաձայնության գալ: Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է ձգտեն խաղաղության հաստատման եւ Ղարաբաղի համար անվտանգության որոշակի երաշխիքների՝ գրավյալ տարածքների մեծ մասի վերադարձի դիմաց: Այս մոտեցումը, ի վերջո, կառավարության որոշ անդամների կողմից մերժվեց, եւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ:

1998-2018 թթ. ապրիլ: Հայաստանի դիրքորոշումը կարծրացավ, երբ նոր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պնդեց, որ Հայաստանը տակավին ժամանակ ունի, որ Ադրբեջանի ածխաջրածնային ռեսուրսների արտահանումից ակնկալվող եկամուտները հայկական կողմը կկարողանա հավասարակշռել Սփյուռքի ներդրումներով, եթե Հայաստանն ընդունի Սփյուռքի հիմնական քաղաքական օրակարգային կետը՝ Ցեղասպանության ճանաչման հարցը՝ որպես պետական գերակա քաղաքականություն: Գրավյալ տարածքների մեծ մասը վերադարձնելու համար Հայաստանը պահանջում է կա՛մ անհապաղ ճանաչել Ղարաբաղի անկախությունը, կա՛մ համաձայնագիր՝ տեսանելի ապագայում հանրաքվե ապահովելու մասին: Բոլորի կարծիքով՝ հանրաքվեն նույնն է, ինչ անկախ կարգավիճակը. կարգավիճակ, որը կախված է Ադրբեջանի համաձայնությունից, եւ որը չի սատարում միջազգային հանրությունը, ներառյալ Հայաստանի բարեկամներն ու դաշնակիցները:

Մի պահ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ համաձայնեցվում է տարածքների փոխանակման բանաձեւը՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց: Բայց այդ բանաձեւը մերժվում է անմիջապես՝ երկու երկրների բարձրագույն շրջանակներում:

Արդյունքում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է դառնում, Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, հայտնվում է ավելի թշնամական տարածաշրջանային միջավայրում եւ մեծանում է նրա կախվածությունը Ռուսաստանից:

2016 թ.-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, քառօրյա պատերազմը բացահայտում է հայկական կողմի պաշտպանական դիրքերի խոցելի կողմերը: Սարգսյանն այն ժամանակ դրսեւորում է առավել ճկուն դիրքորոշում: Սակայն նա պնդում է անկախության կամ անկախության հանրաքվեի հարցը, որը հանգեցնում է նույն արդյունքին. չկա հակամարտության կարգավորում:
Թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի ղեկավարներն այս ժամանակահատվածում շարունակում են վստահ լինել հայկական կողմի պաշտպանունակության գերակայության վրա:

2018 – 2020 թթ.: Նիկոլ Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխությունից հետո հակամարտության կողմերը պայմանավորվեցին վստահության ամրապնդման միջոցառումների շուրջ. սակայն բովանդակային հարցերի վերաբերյալ սպասվող բանակցությունները տեղի չունեցան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ հայկական կողմը դեռ ժամանակ ունի՝ մինչ նման բանակցությունների մեջ մտնելը: Նա համոզված է, որ կարող է հավաքել մի ուժեղ միջազգային դաշինք՝ ի պաշտպանություն Հայաստանի եւ Ղարաբաղի անկախության՝ ապավինելով իր թավշյա հեղափոխության հաջողությանը եւ Հայաստանում ժողովրդավարական կառավարման վերականգնման ուղղությամբ ձեռնարկված ուժեղ քայլերին: Ի վերջո, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստեղծված դրական մթնոլորտը վերածվեց փոխադարձ մեղադրանքների: Հայկական կողմը հայտարարեց, որ բանակցություններն անօգուտ են, եւ մերժեց փուլային մոտեցման վրա հիմնված հակամարտության մասնակի լուծման համար առաջարկվող բանաձեւերը:

Փաշինյանը չուներ Ռուսաստանի լիակատար վստահությունը: Երբ վրա հասավ լայնամասշտաբ պատերազմը, Արեւմուտքի կողմից սպասվող դիվանագիտական եւ հնարավոր ռազմական աջակցությունը չիրականացավ, հայկական կողմը հայտնվեց միայնության մեջ ու կորցրեց պատերազմը։

Դիտարկումներ հայկական պետականության հետագծի վերաբերյալ՝ կապված

Ղարաբաղյան խնդրի հետ, ինչպես նաեւ այդ թեմայով որոշ առաջարկություններ

Այս դիտարկումները կապված են հետխորհրդային Հայաստանի հետագծի եւ պետության կառուցման գործընթացում կատարված ընտրությունների հետ: Հեղինակները ձեռնպահ կմնան որոշակի ամսաթվերից, որպեսզի խուսափեն այդ դիտարկումներն անհատականացնելուց, եթե դրանք չեն վերաբերում պատմական փաստերին:

1.Կարելի է պնդել, որ հետխորհրդային Հայաստանը ծնվել է երկակի մարտահրավերից. ինքնիշխան ժողովրդավարական պետության կայացում եւ ազգային հարց, որը լուծման կարիք ունի՝ Ղարաբաղի հարցը:

Երկրորդ հարցը գերադասվեց առաջինից, ենթադրաբար, առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ չնայած առաջին մարտահրավերի զգալի առաջընթացին: Բայց ժողովրդավարական եւ ինքնիշխան պետության կայացումը որպես արժեք շարունակական անկում ապրեց անկախության երկրորդ տասնամյակում:

Ինչ-որ ավելի ուշ պահի, Ղարաբաղյան հակամարտությունը, որը տեսականորեն մնում էր Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունը, փաստորեն, դադարեց լինել հանրային քննարկման հիմնական առարկա կամ որոշիչ գործոն՝ նախընտրական արշավներում:

Միջազգային ասպարեզում հարցը սկսեց ընկալվել որպես նեղ ազգայնական խնդիր երկու երկրների միջեւ, որը բնութագրվում էր տարածքային վեճերի եւ պատմական անարդարության տարբեր տարրերով, այլ ոչ թե համընդհանուր օրինաչափական (normartive) խնդրով:
Ստատուս քվոն պահպանելու ընտրությունը նաեւ իր ազդեցությունն ունեցավ Հայաստանի դիվանագիտության վրա՝ Հայաստանը պասիվ դարձնելով քննարկումներում եւ նվազեցնելով նույնիսկ իր օրինակարգ հարցերը լսելի դարձնելու կարողությունը:

Այն, ինչ մնաց Ղարաբաղյան հիմնախնդրից, կասկածելի հռետորաբանությունն է, որն ուղղված էր ներքին սպառմանը, բայց լսվեց բոլորի կողմից. հռետորաբանություն, որում գերակշռում էր «ոչ մի թիզ հողի» «ազգային» գաղափարախոսությունը՝ հիմնված «հաղթողի իրավունքների» վրա, ըստ որի՝ դաշտում գոյություն ունեցող իրականությունն է, որ պետք է պարտադրի լուծումը: Այդ հարցը պարզապես օգտագործվեց եւ շահավետ դարձվեց իշխող վերնախավի կողմից:

2018թ. թավշյա հեղափոխության արդյունքում հայտնված կառավարությունը փորձեց հետ շրջել ճոճանակը («Հայաստանի վրա կենտրոնացած արտաքին քաղաքականությունը») եւ կյանքի կոչել ժողովրդավարական տեսլականը: Պետականաշինության տեսանկյունից՝ Հայաստանը, որը կաշկանդված է իր բնակչության թվաքանակով եւ տնտեսական հնարավորություններով, չի կարող իրեն թույլ տալ ո՛չ համատարած կոռուպցիա, ո՛չ էլ անգործունակ հաստատություններ: Այն ժամանակներում, երբ անհրաժեշտ էր ժամանակ եւ շրջահայեցություն՝ անհրաժեշտ, բայց բարդ ներքին բարեփոխումների համար, Հայաստանն անտեսեց ստատուս քվոյի հակասություններն ու խնդիրները, ուժային հարաբերությունների տեղաշարժերը, միջազգային եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական կազմաձեւերի փոփոխությունները եւ այդ գործոնների ազդեցությունն իր դիրքորոշման վրա:

Հայերը վճարում են չլուծված հակասությունների եւ իրենց քաղաքական հիմնավորումների սխալ գնահատականների
համար
Պետականաշինության մի շարք խնդիրներ չիրականացվեցին: Դա ճիշտ էր ինչպես Հայաստանի սեփական դիրքորոշումներում, այնպես էլ Հայաստանի ու արտաքին դերակատարների միջեւ հարաբերություններում.

v 1994 թ. ռազմական հաղթանակը, որը որոշակի ժամանակահատվածում Հայաստանն ու Ղարաբաղը չկարողացան վերածել քաղաքական հաղթանակի:

v Դիվանագիտական/հռետորական կապի խզումը Ղարաբաղի անկախության ճանաչման միջազգային արշավի եւ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը չճանաչելու միջեւ, որը Հայաստանը պատճառաբանել է նրանով, թե նման արարքը վերջ կդնի բանակցություններին:

v Տարածքային-իրավական-քաղաքական խզումը Հայաստանից առանձնացած (չնայած չճանաչված) Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի հետ նրա փաստացի ինտեգրման (օրինակ՝ 2000-ական թվականների կեսերից պետական մարմինների կողմից հրապարակված քարտեզներ, ուր երկու միավորները ցույց են տրվում որպես միացյալ մեկ միավոր) միջեւ:

v Ղարաբաղի Հանրապետության 2006թ. Սահմանադրության դրույթը, որը գրավյալ շրջանները անվանում էր «անվտանգության գոտի» ԼՂԻՄ տարածքի համար, այնուամենայնիվ, միացյալ ղարաբաղյան պետության տարածքում:

Սրանք հանգեցրել են հակառակ արդյունքի: Արդյունքը 2020թ. նոյեմբերի 10-ից հետո ստեղծված իրավիճակն է:

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
15.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031