Aravot.am-ն այսօր Գյումրի այցելած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե միասնական սոցիալական ծառայության ստեղծումն ինչքանո՞վ է նպաստել այդ համակարգում կոռուպցիոն երևույթների բացառմանը, արդյո՞ք սոցիալական աջակցություն ստացողների ցանկում այլևս դղյակատերեր չկան։
«Սա լուրջ համակարգային խնդիր է, կարևոր հարց է, որ դուք բարձրացնում եք։ 2022 թվականից կմտնենք ակտիվ պրակտիկ փուլ, մենք սոցիալական գնահատման նոր համակարգի ստեղծման ուղղությամբ լուրջ քայլեր ենք ձեռնարկում, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և պետք է փոխենք անապահովության գնահատման համակարգը, որն ավելի թիրախային կդարձնի և որը հնարավորություն կտա ֆիլտրել բոլոր այն ոչ շահառուներին՝ տարբեր սոցիալական ծրագրերի, որոնք որ, ըստ էության, պետք է տրամադրվի անապահովություն ունեցող ընտանիքներին»,-ասաց նախարարը։
Նրա տեղեկացմամբ, իրենց գերատեսչությունը հանձն է առել ռեֆորմ իրականացնելու, որպեսզի ավելի թիրախային և արդյունավետ ծառայություններ մատուցեն։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե կա՞ն քրեական գործեր կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Նարեկ Մկրտչյանը նշեց, որ Գյումրիում մի քանի ձերբակալություններ են տեղի ունեցել իր պաշտոնավարման ընթացքում։
«Սա շարունակական գործընթաց է, պետության կողմից պայքարը կոռուպցիայի դեմ։ Ցավոք սրտի, մարդկությանը միշտ ուղեկցում է կոռուպցիան, և մենք պետք է պատրաստակամ լինենք դրա դեմն առնելու։
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններն, ըստ էության, ստեղծված են նաև ավելի արդյունավետ և ավելի թիրախային ծառայությունները մատուցելու։ Որքան արդյունավետ է դառնում ծառայությունն, ավելի ակնհայտ ու պարզ են դառնում բոլոր այն հնարավոր չարաշահումները, որոնք որ կարող են թույլ տալ։
Բայց միանշանակ շարունակական է պայքարը՝ կան ձերբակալվածներ, կան քրեական գործեր, կարծում եմ՝ սա պետք է դաս լինի բոլորի համար, որ չպետք է գնան հանցավոր ճանապարհով, որովհետև պատժվելու են»,-ասաց նախարարը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի