Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Էլիբեգովա. «Հայաստանին բոլոր կոմունիկացիաները բացել առաջարկելը բարի կամքի դրսեւորում չէ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, մեզ շատ սիրելուց չէ, մեզ լավություն անելու համար չէ»

Դեկտեմբեր 15,2021 19:03

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան այսօր «Հայելի» ակումբում խոսեց կոմունիկացիաների ապաշրջափակման, խաղաղության դարաշրջանի քարոզչության եւ Հայաստանի համար Ադրբեջանի եւ Թուրքիայի վտանգավոր չլինելու վերաբերյալ երեկ արված հայտարարության վտանգների մասին:

«Դա պատճառ չէ, դա հետեւանք է, գործընթացի հանգուցալուծման փուլերից մեկը: Հայ-թուրքական երկխոսության պրոցեսին նման հայտարարություններ Թուրքիայից դրական ազդակների մասին պատերազմից հետո լսում ենք արդեն ամիսներ շարունակ: Ճիշտ է, այդ դրական ազդակներից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը մի շարք նախապայմաններ են դնում Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Սփյուռքի, նաեւ Արցախի առաջ, բայց մեզ այդ պահը չեն պատմում, գերադասում են խոսել միայն ինչ-որ դրական ազդակների մասին: Մինչդեռ, իսկական մեխը նախապայմանների բովանդակության մեջ է:

Ի՞նչ է մեզնից պահանջում Թուրքիան: Ասում է՝ Ցեղասպանության հարցը փակեք, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրեք, ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը Ադրբեջանի կազմում, եւ դրանից հետո ակնկալեք, որ մենք կարող ենք ձեզ հետ ինչ-որ երկխոսության գնալ, իսկ սահմանը բացելուց հետո միգուցե ձեզ կօգնենք, միգուցե չենք օգնի: Թուրքիայի մոտեցումը հետեւյալն է նա հայտարարում է, որ իր բոլոր քայլերը տարածաշրջանում կոորդինացնում է Ադրբեջանի հետ: Այսինքն, իրենք գործում են համատեղ ուժերով: Դրա արդյունքներից մեկը 3+3, իսկ հիմա՝ 3+2 ձեւաչափն է: Տարիներ շարունակ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձել են բանակցային գործընթացը Մինսկի խմբից տանել մի ինչ-որ նոր ձեւաչափ: Պատերազմից հետո նրանց հաջողվում է ստեղծել զուգահեռ պլատֆորմ, որտեղ որպես հայ-ադրբեջանական պրոցեսների մոդերատոր ներկա լինի Թուրքիան: Այսպիսի հանգամանքների մեջ խոսել ինչ-որ դրական շարժերից ոչ միայն իրատեսական չի, այլեւ բթացնում է հանրության զգոնությունը եւ ինքնապաշտպանական բնազդը, թե Թուրքիայից եւ Ադրբեջանից ոչ մի  վտանգ չկա: Սա կարելի է դիտարկել որպես խելագարության կանխավարկած: Հանրությանը տարբեր ԶԼՄ-ներով, պաշտոնատար անձանց շուրթերով անընդհատ հրամցնում են, թե խաղաղության դարաշրջան է, եւ Ադրբեջանն ու Թուրքիան այլեւս վտանգ չեն:

Այս վտանգին հակազդելու համար մենք փորձում ենք հիշեցնել այն, ինչ տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ, փաստերով ներկայացնել, թե այս  մի տարվա շարունակաբար սողացող պատերազմի ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան ինչ քայլերի են գնացել  Հայաստանի դեմ՝ շարունակելով սադրանքները, ագրեսիան, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ, նոր գերիներ տանելով:

Ավելին, Հայաստանին առաջարկելը բացել բոլոր կոմունիկացիաները, բարի կամքի դրսեւորում չէ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, դա մեզ շատ սիրելուց չէ, դա մեզ լավություն անելու համար չէ: Դա իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար է:

Եվ եթե ձեւը թողնենք մի կողմ եւ կենտրոնանանք բովանդակության վրա, փաստացի ի՞նչ են մեզ ասում Ադրբեջանն ու Թուրքիան: Մեզ ակնհայտ ասում են. Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը տնտեսապես զարգանա այնքան, որ կարողանա բանակը եւ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնել եւ ազատագրել օկուպացված տարածքները: Նրանք պլանավորում են,  որ Հայաստանը միշտ մնա թույլի, զիջողի կարգավիճակում եւ լինի կառավարելի»,-ասաց ադրբեջանագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031