Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմագիտական առեղծված, որն իր մեջ ահռելի խորհուրդ է կրում». բացվել է «Մեծամորի ոսկին» խորագիրը կրող ցուցադրությունը

Դեկտեմբեր 15,2021 18:19

Այսօր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում։

«Մեծամորի ոսկին» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։


Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Ալֆրեդ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով ներկաներին՝ Արա Խզմալյանը նշել է, որ մշակութային արժեքների նկատմամբ պատասխանատվությունը սկիզբ է առնում այդ արժեքների գիտակցումից և արժեքի հանդեպ դիրքորոշում մշակելուց:

«Հենց այդ նկատառումով մենք սկսեցինք «Հողի գաղտնիքը» խորագրով հանրայնացման և ճանաչողությունը բարձրացնող ցուցադրությունների շարքը. վերջերս տեղի է ունեցել «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը» ցուցահանդեսի բացումը, որը ներառում է բացառիկ արժեքներով ցուցանմուշներ՝ վաղ բրոնզե դարի շրջանից ավելի քան 100 միավոր, որը հնագետները համարում են գիտական հետաքրքրություն ներկայացնող լրջագույն բացահայտում: Այսօր էլ մենք Մեծամորում ենք՝ մի վայրում, որը մնում է հնագիտական, պատմագիտական առեղծված և իր մեջ կրում է ահռելի խորհուրդ»,- փաստել է նախարարի տեղակալը:

Արա Խզմալյանի ընդգծմամբ՝ ցանկացած հնագիտական արժեք ազգային հպարտության զգացում է առաջացնում, բայց այն, ինչ ցուցադրված է Մեծամորում, տասնապատիկ հպարտության առիթ է ընձեռում, որովհետև գործ ունենք գանձերի հետ, որոնք ունեն ոչ միայն զուտ հնագիտական նշանակություն, այլև վավերագրական: Դրանք գործնական, տնտեսական կապերին վերաբերող ահռելի տեղեկատվություն են պարունակում և բացառիկ են ոչ միայն նրանով, որ ոսկուց ու թանկարժեք այլ մետաղներից են, այլև սեպագիր արձանագրություններով, որոնք ունեն պատմագիտական նշանակություն:

«Մենք հաճախ ենք խոսում մեր մշակութային արժեքների պահպանական գոտիների անվտանգության մասին, բայց որևէ նախաձեռնություն չի կարող արդյունավետ լինել, եթե քաղաքացին, համայնքի բնակիչը պատասխանատվություն չկրեն այդ արժեքների ու միջավայրի համար: Մեր համոզմամբ՝ եթե մարդը չի ճանաչում արժեքը, չի կարող պատասխանատվության զգացում ունենալ դրա հանդեպ, և մենք խնդիր ունենք հենց համայնքում ճանաչելի դարձնելու այդ արժեքները»,- անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ շեշտել է Արա Խզմալյանը:

Տեղեկացնենք, որ հավաքածուի մեջ կան ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, ուլունքահատիկներ, զարդակոճակներ, վզնոցներ, ճարմանդներ, ճակատակալներ և այլն։ Ոսկու սրահում ցուցադրվում են նաև ագաթից, սարդիոնից, սարդոնիքսից, սաթից պատրաստված թանգարանային առարկաներ։ Առանձնահատուկ է Հայաստանում հայտնաբերված ամենահին ոսկին, որը 1,5 պտույտով հերազարդ է։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի ներկայացմամբ՝ բոլոր ցուցանմուշները յուրահատուկ են ու շատ կարևոր, որովհետև արտացոլում են մի ամբողջ ժամանակահատվածի արվեստն ու մշակույթը: Նրա խոսքով՝ այն, ինչ ներկայացված է, միայն Մեծամորի պեղումներից է ստացվել:

Փիլիպոսյանի հավաստիացմամբ՝ ցանկացած հնագիտական առարկա պետք է ներկայանա իր միջավայրում՝ հուշարձանին կից կամ մոտ կառուցված թանգարանում, որպեսզի և՛ պահպանությունն ապահովվի, և՛ պատմամշակութային համայնապատկերը չխաթարվի:

Նշենք, որ «Մեծամորի ոսկին» խորագրով ցուցադրությանը նախորդել է «Մեծամորյան ընթերցումներ-2» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը, որը նվիրված էր 2017-2021 թթ․ հնավայրի տարածքում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքներին։

Գիտաժողովի բացմանը զեկուցումներով հանդես են եկել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, պ.գ.դ. Աշոտ Փիլիպոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը։ Առցանց ձևաչափով գիտաժողովին մասնակցում էին Պավել Շուլգինը (ՌԴ), Քշիշտոֆ Յակուբյակը (Լեհաստան), Գոդերզի Նարիմանիշվիլին (Վրաստան), Զուբայա Սուրագանովան (Ղազախստան) և այլ մասնագետներ:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031