«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում, իր արտահայտությամբ, փորձեց առանց զգացմունքների պատասխանել ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի՝ երեկ արած հայտարարությանը, թե Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի համար վտանգ չեն եւ պետք է նրանց հետ համերաշխ ապրել:
«Այդ մարդու արտահայտությունները պատահական չեն եւ այդ մարդու հիմա հայտնվելն էլ պատահական չէ: Այդ մարդը, որը չի ապրում Հայաստանում, ակնհայտ է, որ ստում է: Մենք այսօր վտանգի մեջ ենք եւ վստահ եմ, որ մեր բոլոր գիտակից հայրենակիցները չեն համաձայնի նրա հետ: Վերջին պատերազմական գործողություններն էլ դրա ապացույցն են:
Հարեւանների հարցում բախտներս չի բերել: Մենք չենք կարող վատ հարեւանների հետ անվտանգ ապրել, եթե հրաժարվենք մեր ինքնապաշտպանական գործիքակազմերից: Մենք կարող ենք նրանց հետ կողք կողքի անվտանգ ապրել միայն այն դեպքում, եթե պատրաստ լինենք պատերազմի, ի վիճակի լինենք ինքներս մեզ պաշտպանել: Երբ որ պաշտպանության մեր գործիքակազմից զրկվեցինք, իրենք կփորձեն տնտեսապես գրավել մեզ, այնուհետեւ ժամանակի հարց կլինի, թե ինչպես այստեղից հայերին լավագույն դեպքում կվտարեն, կարտաքսեն:
Կարդացեք նաև
Ցավալի է, որ ունենք հայրենակիցներ, որոնց տպավորությամբ Արցախի հարցը փակվեց ու ամեն ինչ վերջացավ: Բայց գիտակից մարդիկ լավ պատկերացնում են, որ Արցախը մեր՝ Հայաստանի անվտանգության դարպասն է: Եթե առաջ խնդիրներ էին լինում, դրանք լինում էին Արցախում: Այսօր խնդիրներն արդեն Հայաստանի տարածքում են: Սա էլ ապացուցում է, որ հարցը չի փակվել: Ադրբեջանի նախագահն իր պահանջատիրական մտքերը չի թաքցնում: Չի թաքցնում, որ Երեւանի նկատմամբ էլ նպատակներ ունի, Սեւանի նկատմամբ էլ, Սյունիքի էլ: Եվ իր պլլանները տանում է առաջ»,-ասաց բանախոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ