Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից տեղահանված քաղաքացիների կարիքները լիարժեք եւ խորքային չեն գնահատվել

Դեկտեմբեր 15,2021 17:36

ՀՀ եւ Արցախի ՄԻՊ-երն այսօր ՀԿ խորհուրդների հետ համատեղ առցանց նիստ են իրականացրել, որի ընթացքում ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց այն խնդիրները, որոնք արձանագրվել են պատերազմի օրերին եւ դրանից հետո։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանի ներկայացմամբ՝ պատերազմի ընթացքում ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ պետությունը Արցախից տեղահանված անձանց առաջնային կարիքի արագ եւ խորքային գնահատում չէր իրականացնում․ «Օրինակ՝ անձը տեղահանվել էր, տեղափոխվել էր Հայաստան, այստեղ հնարավորինս սեղմ ժամկետներում փորձ էր արվում լուծել կացարանային հարցը, առանց հասկանալու՝ այս մարդն ունի բոււժօգնության կարիք, աշխատանքի կարիք, կրթության եւ այլն։ Հետագայում դա հանգեցրեց նրան, որ այսօր տեղահանվածների հիմնական կարիքների մասին պետությունը խորքային տեղեկացված չէ»։

Մոնիկա Սարգսյանի պատմելով՝ Սյունիքում արձանագրվել է, որ պատերազմի ամիսներին տեղահանված հաշմանդամություն ունեցող անձինք պետության կողմից ուղղակի առաջնային ստացել են կացարան, որտեղ ուղղակի բնակվում են, բայց այսօր բաց են մնում նրանց զբաղվածության, երեխաների կրթության իրավունքի խնդիրները, նրանց կարիքներին համապատասխան կացարան ստանալու խնդիրներ են առկա։ «Հարցնում ես՝ արդյոք այդ հարցով պետությանը դիմե՞լ է, բայց այդ անձի մոտ տպավորություն էր, որ պետությունը պետք է իմանար, քանի որ իրեն այցելել էր»,-ասաց Մոնիկա Սարգսյանը։

Արցախի ՄԻՊ դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանի ներկայացմամբ էլ՝ պատերազմի ժամանակ սահմանափակ շարժունակությամբ, հոգեկան խնդիրներ ունեցող, հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կարգավիճակով պայմանավորված ի վիճակի չեն եղել տարհանվել եւ հեռանալ իրենց բնակավայրերից, ինչի հետեւանքով տասը խաղաղ բնակիչ սպանվել է հրազենային հարվածից կամ հրետակոծությունից, ընդ որում, նրանց դիակների վրա խոշտանգումների բացահայտ հետքեր են եղել։

Հետպատերազմյան ժամանակահատվածում, ինչպես ներկայացրեց տիկին Գասպարյանը, Արցախի ԲՍՓ կենտրոնի վերակազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձինք չեն կարողացել ժամանակին դիմել եւ ստանալ կարգավիճակ, ինչի հետեւանքով զրկվել են աջակցության ծրագրերից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031