Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս բարեկամանալ երկրի հետ, որն ազգային հերոսի կոչում է տալիս քնած ժամանակ մեկ այլ մարդու գլուխը կտրողին. Թաթուլ Մանասերյան

Դեկտեմբեր 15,2021 17:22

«Պետք է ապրել Հայաստանում, որպեսզի այդ տեսանկյունից խորհուրդ տալ՝ «3+3» ձեւաչափի հնարավորությունը բաց չթողնել»,- այսօր Եվրասիական փորձագիտական ​​ակումբի յոթերորդ տարեկան հանդիպման ժամանակ, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական ​​և վերլուծական հասարակական կազմակերպության, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի կազմակերպած «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարիները. Եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» համաժողովի ժամանակ, հակադարձելով Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Թամարա Գուզենկովային, ասաց Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

«Բարեկամություն անել երկրի, երկրների հետ, որոնք նույնիսկ պատերազմը չեն ավարտել եւ չեն պատրաստվում որեւէ փաստաթուղթ ստորագրել, որոնք ազգային հերոսի կոչում են տալիս մարդուն, որը կարող է կտրել մեկ այլ մարդու գլուխը՝ քնած ժամանակ… սա հեքիաթ չէ, սա անեկդոտ չէ: Որոնք խոսում են կոմունիկացիաների բացման մասին, դասեր են տալիս, բայց չեն բացում ներքին կոմունիկացիաները՝ բացառապես մարդասիրական տեսանկյունից՝ թույլ չտալով հարեւան գյուղի բնակիչներին այցելել իրենց հարազատների շիրիմներին»,-ասաց Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ ինքը թե Թուրքիայից, թե Ադրբեջանից բավական շատ ընկերներ ունի, որոնք բոլորովին այլ մարդիկ են, երբ գտնվում են իրենց երկրներից դուրս, հատկապես, ադրբեջանցիները: Մի քանի օր առաջ նա իր թուրք եւ ադրբեջանցի գործընկերներին, եվրոպական երկրներից մեկում կայացած հանդիպման ժամանակ, առաջարկել է Շուշիում ազատ տնտեսական գոտի ստեղծել: Իր գաղափարը նրանք ողջունել են, բայց վերադառնալով իրենց երկրներ, որեւէ կերպ չեն արձագանքում դրան:

Թաթուլ Մանասերյանը չի պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է մի երկրի ղեկավարի հետ որեւէ փաստաթուղթ ստորագրել եւ ասել՝ «բարի գալուստ», որը անգամ Երեւանն է համարում ադրբեջանական:

«Մի՞թե ՌԴ-ում հակահայկական տրամադրություններ չկան, մի՞թե Վրաստանում պրոռուսական տրամադրություններ չկան, մի՞թե որեւէ հասարակություն միատարր է»,- գործընկերոջը դիմեց Թաթուլ Մանասերյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներին՝ ԵԱՏՄ-ին անդամակցության 7 տարիների կտրվածքում, Թաթուլ Մանասերյանը նշեց, որ արդեն ինտեգրման առաջին տարիներին՝ չնայած գործարար ակտիվության աճի դանդաղմանը, թե՛ հետխորհրդային տարածքում, թե՛ համաշխարհային տնտեսության մեջ, Հայաստանի տնտեսությունում որոշ դրական միտումներ էին նկատվում։ Մեջբերելով վիճակագրական տվյալները՝ նա հիշեցրեց, որ այս տարվա սեպտեմբերի կեսերին ՀՀ կենտրոնական բանկը բարելավել է 2021 թվականի արդյունքներով տնտեսական աճի իր կանխատեսումը մինչեւ 5,4%։ Իսկ Համաշխարհային բանկը հոկտեմբերին վերանայել է 2021 թվականի համար Հայաստանի ՀՆԱ աճի տեմպի ապրիլյան կանխատեսումը՝ 3,4%-ից հասցնելով 6,1%-ի, 2022 թվականի համար ակնկալում է տնտեսական աճ 4,8%-ով, իսկ 2023 թվականին՝ 5,4%-ով։ 2021 թվականի համար կանխատեսվում է 6,3% գնաճ, 2022 թվականին՝ 4,2%, իսկ 2023 թվականի համար՝ 4,0%։ ԱՄՀ-ն հոկտեմբերին կանխատեսում էր, որ 2021 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 6,5%-ով, իսկ 2022-ին՝ 4,5%-ով:

Թաթուլ Մանասերյանը նաեւ նշեց, որ ՎԶԵԲ-ը նոյեմբերին տարածաշրջանային տնտեսական հեռանկարների վերաբերյալ իր զեկույցում կանխատեսել էր, որ 2021 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5%-ով, իսկ 2022 թվականին՝ 5,3%-ով։ ԵՏՀ-ի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին կաճի 4%-ով։

«2021 թվականին Հայաստանն արդեն գրանցել է ԵՏՄ երկրների հետ առեւտրի եւ համագործակցության աճի կայուն տեմպեր. 2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի եւ ԵՏՄ երկրների միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,8%-ով։ Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալներն այս տարվա 9 ամիսներին աճել են 27,8%-ով։ Աճ է գրանցվել ԵՏՄ-ից բոլոր գործընկերների մասով․ դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4%-ով, դեպի Բելառուս՝ 19,2%-ով, դեպի Ղազախստան՝ 89,5%-ով, դեպի Ղրղզստան՝ 48,0%-ով։ Սա վկայում է ոչ միայն ԵՏՄ շրջանակում առեւտրային համագործակցության զարգացման, այլ նաեւ նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործածվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում»,- ասաց նա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031