«Իմ կարծիքով, հայ ժողովրդի եւ քաղաքական հանրույթի համար գերակա է պատմական զոհի ախտանիշը, հայ ազգի նկատմամբ պատմական անարդարության ախտանիշը, ինչը քաղաքական պրակտիկայում դրսեւորվում է զգուշավորությամբ, կասկածամտությամբ՝ տարբեր միավորումների եւ հարաբերությունների հարցում: Այս ամենը պետք է հաղթահարել»,- այսօր Եվրասիական փորձագիտական ակումբի յոթերորդ տարեկան հանդիպման ժամանակ, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական և վերլուծական հասարակական կազմակերպություն, Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարիները. Եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» համաժողովի ժամանակ, ասաց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Թամարա Գուզենկովան՝ խոսելով «3+3» համագործակցության ձեւաչափի մասին:
Այս պարագայում, նա քաղաքական դասի կամարտահայտությունն է կարեւորվում եւ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ թե Ադրբեջանում, իսկ առավելապես Հայաստանում, գործընթացները մեծապես կախված են հասարակական տրամադրություններից եւ քաղաքական ղեկավարության ցանկացած քայլ կարող է ընդհուպ մինչեւ դավաճանություն ընկալվել: Տվյալ պարագայում, անկախ նրանից, որ Հայաստանը հանդիսանում է ՌԴ-ի ռազմավարական եւ վստահելի գործընկերը, Հայաստանի վիճակը բավական բարդ է, մանավանդ, որ Հայաստանում նաեւ հակառուսական տրամադրություններ կան:
Իր գնահատմամբ, հոգեբանորեն եւ դիվանագիտորեն իրենց մաշեցրած ձեւաչափերին, որոնք ի վիճակի չեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակներ բերել, գալիս է փոխարինելու «3+3» հարթակը: Նա ուշագրավ է համարում, որ հարթակը տնտեսական բնույթ է ունենալու եւ ուղղակիորեն նպաստելու է ԵԱՏՄ-ի տնտեսական զարգացմանը, ինչը դրական է: Իսկ քաղաքական հավակնությունները, տվյալ պարագայում, պետք է երկրորդական բնույթ կրեն:
Միաժամանակ Թամարա Գուզենկովան հայտարարեց, որ համաձայն չէ իր որոշ գործընկերների այն կարծիքին, որ անհրաժեշտ է ամեն ինչ սկսել մաքուր էջից. «Դա չի ստացվի, քանի որ չենք կարող մոռանալ պատմությունը, հրաժարվել դրանից։ Ուստի քաղաքական գործիչները, դիվանագետները, տնտեսագետները եւ այլ փորձագետներ շատ լուրջ աշխատանք պետք է տանեն»։ Այս գործընթացում, ըստ նրա, մեծ նշանակություն ունի գործնական բաղադրիչը՝ գիտակցումը, որ, ձեռնտու է բացել բոլոր տրանսպորտային ուղիները, ձեռնտու է ազատ առեւտուր հաստատել՝ վիճելի տարածքներով հանգիստ անցնելու համար։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Թամարա Գուզենկովան կարծում է, որ այն առանձնահատուկ դեր ունի. «Ռուսաստանն ունի հատուկ գործառույթներ եւ հատուկ առաքելություն։ Առաքելությունն այս հարթակի մասնակիցներին հաշտեցնելն է եւ որոշ չափով ստիպել նրանց բանակցել»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ