Դեկտեմբերի 13-ին ավարտվել է Ն. Գոգոլի անվան 35 դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, թարգմանիչ Ասատուր Սարյանի պաշտոնավարման ժամկետը, եւ նրա պայմանագիրը լուծվել է, սակայն, ինչպես կարգն է, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար դեռեւս չի նշանակվել: Aravot.am-ը տարբեր ահազանգեր է ստացել, որ մարդիկ չեն կարողանում տեղեկանք կամ մեկ այլ փաստաթուղթ ստանալ դպրոցից, քանի որ դպրոցը փաստորեն չունի տնօրեն կամ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Ասատուր Սարյանն այլեւս իրավասու չէ որեւէ թուղթ տրամադրել:
Ըստ մեր տեղեկությունների, այժմ «վերեւից» պատրաստվում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «դրսից», այլ ոչ թե դպրոցի փոխտնօրեններից որեւէ մեկին, ինչպես արվում է նման դեպքերում, հատկապես որ կոլեկտիվի ներսում որեւէ լարվածություն չկա:
Իսկ «դրսի»՝ տնօրենի հավանական թեկնածուն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համակուրսեցի Տաթեւիկ Եսայանն է, որը 17 դպրոցում աշխատում է պատմության ուսուցչուհի, ունի ղեկավարման իրավունքի հավաստագիր, եւ Վ. Գոգոլի անվան դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին դիմել էր նաեւ նախորդ անգամ, սակայն հաղթող էր ճանաչվել Ասատուր Սարյանը:
Ասատուր Սարյանի հետ կապվել չհաջողվեց, քանի որ նրա բջջային հեռախոսն անհասանելի էր: Կապվեցինք Տաթեւիկ Եսայանի հետ: Նա սկզբում զայրացավ մեր հարցից՝ արդյոք Սուրեն Պապիկյանի հետ մտերմությունը կարո՞ղ է որոշիչ լինել իր՝ տնօրեն ընտրվելու հարցում:
Կարդացեք նաև
«Դա ի՞նչ կապ ունի, ես ունեմ հավաստագիր, տեսել եմ մրցույթի հայտարարությունը եւ դիմել եմ: Ես աշխատում եմ Էրեբունի համայնքում, բնակվում եմ այստեղ, ուստի շատ հավանական եւ տրամաբանական էր, որ կդիմեի այդ մրցույթին… Չեմ հասկանում, թե ինչու է Սուրեն Պապիկյանի անունը շոշափվում: Մենք եղել ենք համակուրսեցիներ, երեւի խոսակցություններն այդտեղից են, իսկ նպաստելու եւ օժանդակելու մասին խոսք լինել չի կարող, երկրորդ հարց չկա:
Ես սովորում եմ ասպիրանտուրայում, ինքս հանդիսանում եմ տնօրենների եւ ուսուցիչների վերապատրաստող: Իսկ հավաստագիր ստացել եմ ոչ թե տանը պահելու, այլ դիմելու համար»,-ասաց Տաթեւիկ Եսայանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ