«Կան թեմաներ, որոնց մասին խոսելու իրավունքը պետք է վաստակել։ Տեղից վերկացողը գերիների մասին է խոսում, գնահատում առաջնագծում կանգնած տղաներին, որոնց մեջ դժբախտաբար գերեվարվածներ կան։ Դա բարոյական չեմ համարում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով գերիների մասին իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը։
«Անուննե՞ր եք ուզում։ Ես երեւույթի մասին եմ խոսում։ Կրկնեմ, որ «պոստ» պահող տղաների վարքը գնահատելու իրավունքը պետք է վաստակել։ Հեշտ է սենյակում փափուկ աթոռին նստած՝ գնահատել, թե իրենք ճիշտ արեցին կամ սխալ։ Գերեվարվածին գնահատական տալուց առաջ պետք է նրա ֆիզիկական, հոգեբանական վիճակն իմանալ։ Առաջնագծում կանգնած զինվորը պետք է ունենա մեկ տրամաբանություն՝ մոտեցող թշնամուն ոչնչացնել, առաջադրանքի դեպքում՝ գրավել թշնամու դիրքն ու էլի ոչնչացնել։ Եթե այլ տեսակետներ են մտնում զինվորի առօրյա, ապա դրանք խաթարում եւ աղավաղում են հոգեբանությունը։ Մանավանդ զինվորական ծառայությունից հեռու մարդկանց գնահատականներն այդ տղաների մասին ես բարոյական չեմ համարում»,-կարծիք հայտնեց պատգամավորը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ