«Կուզեի ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա, որ բոլորն անընդհատ ասում են՝ գյուղացիներին զինաթափել են, ուժեղ կռվողներին իջեցրել են։ Այո, դրանք կարեւոր բաներ են՝ համայնքի ղեկավարը պետք է զինապարտ լինի, ռազմական գործից հասկանա, գյուղացիները պետք է զինված լինեն, բայց կխնդրեի հարցադրումների ուղղությունը փոխել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով նկատառումներին, որ սյունեցիները համակերպվել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից զավթված լինելու փաստի հետ, որ չընդվզեցին իշխանության դեմ՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը։
«Մեր դիմաց ադրբեջանական բանակն է։ Խոստովանենք, որ Ադրբեջանը ստեղծել է կազմակերպված պետություն, արդյունավետ աշխատող պետական համակարգ եւ ուժեղ բանակ։ Սա ցավով եւ նախանձով եմ ասում։ Եթե նման բանակի հետ հարաբերվելիս մենք մեր հարցադրումներով եւ մենք բոլորս հույսներս դնում ենք գյուղացիների զինվածության եւ համայնքապետերի վրա ու այդ հարթությունում պատասխան ակնկալում, ապա արդեն իսկ պարտված ենք համակարգային հարթության վրա։ Ասելիքս կուտակվել է այս առումով։ Այդ ամբողջին պետք է դիմակայեն ՊՆ-ն, ԱԱԾ սահմանապահ ծառայությունը, պատգամավորները, բնակչությունը՝ բոլորը։ Բոլորն իրենց գործունեությամբ պետք է հասնեն դրան, այդ մոդելին։ Միայն այդ ժամանակ հնարավորություն կլինի արժանապատիվ դիմակայել»։
Մխիթար Զաքարյանը շեշտեց․ «Մենք ուժեղ բանակ պետք է ունենանք։ Անցած մեկ տարին զինված ուժերի առումով կորցրած եմ համարում»։
Պատգամավորը նաեւ նշեց՝ համաձայն չէ իշխանությունների բնորոշումների հետ, թե Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ոց հատվածն Ադրբեջանի տարածքում է․ «Դրանք հայկական տարածքներ են։ Ի՞նչ Էյվազլի։ Դա Որոտան գյուղն է։ Հուսամ՝ կապրենք այնքան, որ իրավաբանորեն էլ ապացուցենք դրանց հայկական լինելը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ