«Արամ Սարգսյանի տեսակետը դասականի կարծիք չի, որ մեկնաբանենք։ Դա իր կարծիքն է։ Բոլոր կարծիքներն իրավունք ունեն գոյություն ունենալու, բայց մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր արձագանքելով Aravot.am-ի հարցադրմանն այն մասին, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը պետք է քարը փեշից թափի ու աշխատի, ոչ թե մտածի իշխանափոխության մասին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե արդյոք օրակարգո՞ւմ է մանդատներից հրաժարման հարցը։ «Ես էլ եմ այն կարծիքին, որ եթե պետության շահը պահանջի, մեր օրակարգում կարող է լինել մանդատները վայր դնելը։ Մանդատից կախվածություն չկա։ Սա իմ անձնական տեսակետն է»,-պատասխանեց պատգամավորը։
Անդրադառնալով տեղեկություններին, թե Մեղրիում ՏԻՄ ընտրությունները հաղթած եւ «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորած Բագրատ Զաքարյանը Մխիթար Զաքարյանի բարեկամն է եւ իրականում ընտրվել է Մխիթար Զաքարյանի հեղինակության հաշվին, վերջինս շեշտեց․ «Ազգակցական կապ չունենք, ազգանվան համընկնումը պատահական է։ Նա նախկինում եղել է «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ։ Եղել է ընտրություն, որում նա պաշտպանել է «Հանրապետություն» կուսակցությանը եւ առաջադրվեց այդ կուսակցությունով։ Ժողովուրդը կատարել է ընտրություն, նա հաղթել է։ Կուզեի, որ նա հաջողեր իր աշխատանքում։ Վեց ավագանի ունեցավ «Հանրապետությունը», հինգ՝ ՔՊ-ն, երկուական՝ Սամվել Բաբայանի կուսակցությունն ու «Ապրելու երկիրը»։ Եղել է ազատ, արդար ընտրություն, բնակիչները կատարել են ընտրություն։ Անկախ անձերից՝ ես բարի ծառայություն եմ մաղթում եւ ինքս պատրաստ եմ աջակցել, եթե նման առաջարկ կլինի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ