Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղրիով նախատեսվող խոշոր աշխարհաքաղաքական պորտալարը համեմատելի չէ Բերձորի հետ»․ Մխիթար Զաքարյան

Դեկտեմբեր 15,2021 15:54

«Ի սկզբանե ակնհայտ էր, որ այդպես է լինելու։ Ինչ-որ տեղ նաեւ բնական է։ Հաղթած պետությունը պարտվածի հետ փոխհարաբերություններում ձգտելու է առավելագույնի, մենք էլ պետք է ձգտենք նվազագույն կորուստներով դուրս գալ իրավիճակից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի «Լաչինի միջանցքի» տրամաբանությամբ՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը։

«Չգիտեմ իրավունք ունեմ ասել, թե ոչ, բայց անգամ բեռնաշրջանառության առումով Մեղրիի հատվածը Բերձորի միջանցքի հետ համեմատական չէ, էլ չասած՝ բարոյական առումով։ Մեղրիով նախատեսվող խոշոր աշխարհաքաղաքական պորտալարը  համեմատելի չէ Բերձորի հետ, որն Արցախի մեր հայրենակիցներին կապում է ՀՀ-ի հետ։ Ընդհանրապես, տարբեր հարթություններում են այդ երկուսը։ Դեմագոգիա է այդ երկուսը նույն դաշտ բերելը կամ փոխկապակցելը»,-համոզմունք հայտնեց նա։

Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարած տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգին, պատգամավորը նշեց․ «Բոլոր ճանապարհները պետք է բացվեն եւ աշխատեն՝ նկատի ունենալով տնտեսական շահը, բայց այդ ամենը պետք է արվի արժանապատիվ կերպով եւ այն ժամանակ, երբ պետությունը շտկած կլինի իր մեջքը, երբ կկարողանա բոլոր հարեւանների հետ հարաբերություններում հայկական շահն առաջ տանել։ Սա իմ անձնական կարծիքն է, ոչ թե խմբակցության։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ասածս հնարավոր չէ առնվազն այն պատճառով, որ պարտությունից ուշքի չենք գալիս։ Ես տեսականորեն դեմ չեմ կոմունիկացիաների բացմանը, բայց որպեսզի կարողանաս քո շահերն առաջ տանես, քեզանից բան պետք է ներկայացնես։ Պետք է ուժեղանանք, նոր գնանք հարեւանների հետ հարաբերվելու։ Հիմա աշխարհաքաղաքական որոշումներ ընդունելու ամենաանհարմար ժամանակն է»։

Նկատառմանն ի պատասխան, որ իշխանությունը պնդում է, թե միջանցքային տրամաբանությամբ չի պայմանավորվելու Ադրբեջանի հետ, Մխիթար Զաքարյանն ասաց․ «Սա այն դեպքն է, երբ կուզեմ հավատալ, թե միջանցք չի լինելու։ Կուզեմ, որ իմ ու գործընկերներիս կասկածները միջանցքի վերաբերյալ փարատվեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031