«Եթե այս իշխանությանը հաջողվի վռնդել իրենց զբաղեցրած պաշտոններից, աշխարհը մեր հետ խոսելու է այլ լեզվով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:
Հարցին, թե ի՞նչ եք անում, որ վռնդեք՝ նա պատասխանեց, որ այո, այսօր չունեն այդ կազմակերպվածության բարձր մակարդակը, որ անցնեն փողոցային լայնածավալ պայքարի. «Հայտարարել ենք, չենք հրաժարվում: Մենք մեկ անգամ փողոց պետք է դուրս գանք, վերջնական, շատ ավելի կազմակերպված եւ հանկարծ մեր ժողովրդին չտանենք հիասթափության»:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ հասարակության 5%-ով հնարավոր է իրավիճակ փոխել, ունե՞ք այդ 5%-ը՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Որ լինի այդ 5%-ը, այս իշխանությունը մեկ օր ավելի չի մնա»:
Ըստ Իշխան Սաղաթելյանի, հակաքարոզչություն են անում, թե «կոմֆորտ զոնայում» տեղավորվել են ու գործ չեն անում, մինչդեռ ժամանակը ցույց կտա, թե ով նահանջեց, ով թռավ այս պայքարից: Դիտարկմանը, որ ասում են՝ Ալեն Սիմոնյանի տեղակալ եք աշխատում՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Նույնիսկ այնքան են չափը կորցրել, որ ասում են՝ ես եմ Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ դարձրել: Ես այդ մարդկանց ի՞նչ պատասխանեմ: Ես որեւէ մեկին տեղակալ չեմ աշխատում, ԱԺ փոխնախագահ եմ, ասել եմ ինչի համար»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ այսօր բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ իրենց դժբախտությունը, իրենց լուսանցքում հայտնվելը փորձում են կապել իր հետ, մինչդեռ այդ անհաջողության հանգամանքը պետք է փորձեն գտնել իրենց քաղաքական գործունեության մեջ. «Այդ պատճառով են իրենք հայտնվել լուսանցքում, ոչ թե այն պատճառով, որ ես հայտնվել եմ խորհրդարանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ