«Վերջին երկու հանդիպումների ընթացքում որեւէ խոսք չկա, Արցախից, Արցախի հիմնախնդրից, ինքնորոշման իրավունքից եւ կարգավիճակից: Ամենամեծ մտահոգությունը, որ կա՝ դա է: Այն, որ ամիսներ շարունակ ասում էինք, որ այս իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախից՝ սա է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:
Նա պնդեց, որ բանակցությունները տեղի են ունենում երկհարկանի սկզբունքով ու կան գաղտնի ու բանավոր պայմանավորվածություններ, որոնք տեղի են ունենում ժողովրդի թիկունքում:
Հարցին՝ Բրյուսելում Ալիեւ-Փաշինյան փակ հանդիպում է տեղի ունեցել, ի՞նչ կարող էր քննարկվել այդտեղ՝ Սաղաթելյանը պատասխանեց, որ որեւէ լավ բան չի կարելի սպասել. «Ծանոթ եք Ալիեւի հայտարարությանը, որը հղի է նոր վտանգներով, խոսքը Լաչինի միջանցքում մաքսակետ դնելու մասին է ու այդ ամեն ինչի մասին ունենք մի հատ ֆեսբուքյան գրառում: Պետք է հասկանանք՝ ինչը ինչի դիմաց ու ինչ են զիջել»:
Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, հիշեցրեց, որ իշխանությունները հերքում էին այդ «սիրախաղը». «Ամեն անգամ մենք թուրքական կողմից տեղեկանում ենք գաղտնի պայմանավորվածությունների, դրական ազդակների մասին: Այս օրերին այս մթնոլորտում Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից հայտարարությունից հետո Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաձախողած, թրքասեր դիվանագետը գալիս եւ հանդիպում է քաղաքական մեծամասնության հետ: Հետաքրքիր է, ի՞նչ էր բացատրում կամ ի՞նչ էր սովորեցնում Լիպարիտյանը, ով մեկ օր առաջ հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի մասին խոսելը հղի է մեծ վտանգներով: Դա՞ էր քննարկում ամենաձախողված դիվանագետը, ով պատերազմում ձեռք բերած հաղթանակներից հետո երկիրը տրամադրում էր պարտության ու ով իր ողջ կյանքում հայտնի է թրքասիրությամբ»:
Կարդացեք նաև
Լիպարիտյանը հարցրել էր՝ 30 տարի բա ինչո՞ւ չեն մորթել Արծվիկ Մինասյանին. «Արծվիկ Մինասյանի բախտը բերել է, թուրքերի ձեռքը չի ընկել, չեն մորթել, բայց մորթել են Թալիշի պապուն, բազմաթիվ հայորդիների, մորթեցին շուրջ 5000 մարդկանց: Եթե կա մարդ, ով իրեն համարում է հայ ու ասում է, որ թուրքերը մեզ չեն մորթել, ինքը ի՞նչ կապ ունի այս ժողովրդի, ազգի, պետության հետ, ինքը գործակալ է, թրքացած գործիչ է ու մեր հասարակությանը տրամադրում է նրան, ինչ հայտարարել է… Ո՞ւր են տանում մեր ժողովրդին, ի՞նչ է սրանց ուզածը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ