Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շուտով սառնարաններն էլ կկպցնենք ինտերնետին». Սամվել Մարտիրոսյան

Դեկտեմբեր 15,2021 15:25

«Մարդիկ քանի դեռ չեն հայտնվել խնդրի առաջ, մի քիչ շատ չեն խորանում ու չեն հետաքրքրվում իրենց անձնական տվյալների պաշտպանությամբ: Սա համակարգային խնդիր է»,- Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված «ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» շուրջ՝ «Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Միջոցառումը կազմակերպվեց «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ շատ դեպքերում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում խնդիրներն առաջանում են այն պատճառով, որ մարդիկ ուշադիր չեն լինում իրենց անձնական տվյալներին: Նա նշեց. «Օրինակ, երբ մեկի էջը կոտրում են, այդ մարդն ու իր շրջապատը սկսում են ավելի ուշադիր լինել իրենց տվյալներին»:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ շատ դեպքերում, եթե մարդիկ զգուշանան ու հավելվածներին իրենց անձնական տվյալները չտրամադրեն, դրանք ուղղակի չեն աշխատի: Նա մանրամասնեց. «Օրինակ՝ ձեռքի ֆիթնես ապարանջաններն ասում են՝ պետք է քո հեռախոսին հետևեմ, ասում ես՝ ոչ, ասում է՝ ուղղակի չեմ միանա: Շատ դեպքերում պարտադրում են մեզ տվյալներ տալ: Դա դեռ բարեխիղճ մրցակցության մեջ գտնվողը: Բայց հետին թվով պարզվում է, որ Ֆեյսբուքը Նեթֆլիքսին վաճառել է բոլորի նամակագրությունները, Ստարբակսին՝ քաղաքում մարդկանց բոլոր դիրքերը»:

Դիտարկմանը՝ եթե ցանկանում ենք, որ մեր անձնական տվյալները պաշտպանված լինեն, ուրեմն չպե՞տք է գրանցված լինենք սոցցանցերում, օրինակ՝ Ֆեյսբուքում, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե ֆեյսբուքում երբեք չեք գրանցվել, բայց դուք օգտվում եք այլ տեղերում հավանման, տարածման կոճակներից, այդ բոլոր տվյալների հիման վրա ֆեյսբուքը ստեղծում է ստվերային օգտատեր. արդեն քո մասին սկսում է տվյալներ մշակել»:

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ամենալավ վիճակը ԵՄ տարածքում է: Այս առիթով Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Այստեղ շատ բաներ բարդացված են, շատ դժվարացված է տվյալների մշակումը: Եթե ԵՄ-ից դուրս ես, լուրջ խնդիրներ են առաջանում, ահռելի տուգանքներ են, այնպիսի տուգանքներ, որ մարդ քառասուն անգամ կմտածի մեյլ ուղարկելուց առաջ: Քեզ ուղղակի պետությունը կսնանկացնի, եթե դու փնթի վերաբերվես այս ամենին: Մեզ մոտ փնթիությունն է, օրենքները նորմալ են: Երբ ամեն ինչի հանդեպ փնթիություն է ու կողքից էլ մուննաթ, դա դառնում է շատ վատ բան»:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ անձը պետք է իմանա, որ իր տվյալները հանրայնացվել են: Այս առիթով Սամվել Մարտիրոսյանը պատմեց. «Վարկային կազմակերպության մեյլերից արտահոսք էր եղել. մի քանի հարյուր անձնագրերի սքաններ էին: Դա այսօր առցանց նույնականացման ձև է. մարդուն ասում են անձնագիրդ ուղարկիր, դու էլ հետը նկարվիր, որ դեմքդ նույնականացնենք, և դա թույլ է տալիս առցանց վարկեր վերցնել: Մի քանի հարյուր մարդիկ տուժել են այդ պատճառով կամ կարող էին տուժել, որ իրենց անունից վարկ վերցնեին: Ոչ ոք չի ծանուցել այդ մարդկանց»:

Սամվել Մարտիրոսյանը նաև վտանգավոր իրավիճակ է համարում օդանավակայանում անձանց քովիդ թեստերի հանձնման համար անձնագրային տվյալներ վերցնելը: Նա ասաց. «Բազմաթիվ կետեր կան թեստավորման: Ո՞վ է վերահսկում, որ այդ մարդիկ պատշաճ կերպով այդ տվյալները պահպանեն, որ իրենք իրենց անձնական մեյլով այդ տվյալները չուղարկեն»:

Սամվել Մարտիրոսյանը հավաստիացրեց՝ անձնական տվյալները ժամանակի ընթացքում ավելի թանկ են դառնում ու պարզաբանեց. «Անձնական տվյալները միայն հեռախոսի համարը, անուն, ազգանունը, հասցեն չեն: Հիմա տվյալներ են, թե ես որտեղ եմ օրվա ընթացքում գտնվում, այդ տվյալները Ֆեյսբուքը, Գուգլը հավաքում են, հետո օրինակ, վաճառում են, դրա հիման վրա հասկանում են մարդիկ, թե որտեղ կարելի է սրճարան բացել և այլն: Հիմա արտադրում ենք ահռելի քանակի անձնական տվյալներ, որոնք նախկինում գոյություն չունեին: Արդեն շատերի մասին կարելի է իմանալ՝ ինչ են ուտում, քանի որ ծրագրերին պատմում են, թե իրենք ինչ են կերել, որ ծրագրերը որոշեն, թե քանի կիլոկալորիա են ծախսել: Շուտով սառնարաններն էլ կկպցնենք ինտերնետին. դա շատ արագ կլինի: Արդեն շատ տեղեր իրականացվում է: Մեքենաներն էլ են ինտերնետին կպած»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031